Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ֆրանսիայի բժիշկների հերթական խումբը երեքշաբթի երեկոյան Հայաստան է ժամանել, նրանց թվում կան նաև սփյուռքահայ բժիշկներ։ Երեկ սփյուռքում գտնվող լրատվամիջոցների հետ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
«Առողջապահական համագործակցության նոր էջ ենք բացում։ Հայաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եվրոպական բոլոր երկրները և իհարկե Ռուսաստանը համաճարակի դեմ պայքարից բացի հարաբերությունների նոր դաշտ են մտնում։ Երբ Հայաստանը դժվարությունների է առերեսվում, մենք բոլորս՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ գործընկերները, ձեզ հետ ենք», - ասաց դեսպանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ ակտիվ աշխատանք է տարվում նաև ամերիկահայ համայնքի հետ, և թիմ է պատրաստվում Հայաստան գալու համար։ Ուկրաինայից ևս օգնության ձեռք մեկնելու հնարավորության մասին են ակնարկել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրեց, որ արտակարգ իրավիճակներում կարողանում ենք արտակարգ լուծումներ գտնել։ Թորոսյանը չբացառեց, որ առաջիկայում այլ երկրներից, մասնավորապես՝ Լիտվայից, Իտալիայից և Ռուսաստանից, բուժաշխատողների նոր խմբեր կժամանեն։
«Մեթոդները հիմա չեն աշխատում, ամեն ինչ պետք է անել արագ: Որոշումների կայացումը պետք է լինի չուշացած, ռեսուրսների հատկացումը պետք է լինի արագ, որը սովորական իրավիճակներում դժվար կլիներ: Եվ նորից եմ այս ամենի համար ուզում շնորհակալություն հայտնել թե՛ մեր աջակից պետություններին և թե՛ անձնապես այդ պետությունները ներկայացնողներին», - հայտարարեց նախարարը:
Կորոնավիրուսը սահման չունի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր խոսքում ընդգծեց, հիշեցնելով՝ Ամերիկայում իրավիճակը շատ վատ էր, և, բարեբախտաբար, դրական տենդենց կա։ «Միմյանց օգնելով, փորձ փոխանակելով, մենք կկարողանաք պայքարել այս վարակի դեմ։ Ես վստահ եմ, որ միասին աշխատելով՝ մենք կդիմակայենք այս մարտահրավերին և կհաջողենք», - շեշտեց Միացյալ Նահանգների դեսպանը:
Դիմակներ, դիմակներ, դիմակներ՝ Ֆրանսիայից Երևան ժամանած և արդեն տասն օր հայ հիվանդների հետ աշխատող բժիշկ Ալեքսանդր Մինյոնի կոչն էր։ Ֆրանսիացի բժիշկը հավաստիացնում է՝ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։ «Հայկական և ֆրանսիական բուժական մոտեցումների միջև մեծ տարբերություն չկա։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ», - ասաց Մինյոնը:
«Շնորհակալություն օգնության համար», - հայկական կողմից առողջապահության նախարարը դիմեց բոլորին՝ տեղեկացնելով, որ թեպետ Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակը կայուն վատ է, բայց դրական միտումներ կան։ Նախարարի խոսքով՝ «մեր խնդիրը այս պահին շարունակական ջանքեր գործադրելն է թվերը ցածր պահելու համար»։ Արսեն Թորոսյանը կարևորեց նաև, որ այս համաճարակի շնորհիվ աճեց ուշադրությունը առողջապահական համակարգի նկատմամբ, և այս ծանր իրավիճակն առիթ կլինի համակարգի զարգացման համար։
«Այո, առողջապահական համակարգը ավելի ուժեղացած է դուրս գալու այս մարտահրավերից հետո, չնայած որ դրա մեջ դրվելու են մարդկային անասելի ջանքեր, մեծ էներգիա, ժամանակ, դժբախտաբար՝ նաև մարդկային կյանքեր և ճակատագրեր: Հույս ունեմ, իհարկե, առողջապահական համակարգում զբաղված մարդիկ մեծ մասամբ չեն ազդվի, սակայն մենք արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, և նաև դրա համար ենք մենք շաշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը շատ կարևոր է», - ասաց Հայաստանի առողջապահության նախարարը: