Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 9,4 միլիոնը, շուրջ 4,75 միլիոնը բուժվել են, մահացել է մոտ 483 հազար մարդ


Ռումինիա - Կորոնավիրուսի բուժհետազոտություն Բուխարեստի հիվանդանոցներից մեկում, արխիվ
Ռումինիա - Կորոնավիրուսի բուժհետազոտություն Բուխարեստի հիվանդանոցներից մեկում, արխիվ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 430 հազարը, վարակվածների կեսից ավելին՝ մոտ 4 միլիոն 750 հազարը, ապաքինվել են, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 483 հազարին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Այժմ համաճարակի էպիկենտրոնը Լատինական Ամերիկայում է:

ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները հայտարարել են կարանտինային նոր միջոցառումների մասին՝ կապված երկրի հարավում և արևմուտքում կորոնավիրուսի տարածման նոր ալիքի հետ: Այժմ COVID-19-ի բարձր վարակվածություն ունեցող շրջաններից Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ ժամանողները պետք է մեկուսանան 14 օրով: «Վտանգի գոտի» են համարվում Ալաբամա, Արկանզաս, Արիզոնա, Ֆլորիդա, Հարավային Կարոլինա և Հյուսիսային Կարոլինա, Տեքսաս, Վաշինգտոն և Յուտա նահանգները:

Վաղը Եվրամիությունը կշարունակի քննարկել զբոսաշրջիկների համար արտաքին սահմանների բացման պլանը: Բրյուսելից ստացված նախնական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներին դեռևս թույլ չեն տա մուտք գործել Եվրոպա՝ համաճարակաբանական անբարենպաստ իրավիճակի պատճառով:

Փորձագետները նախազգուշացնում են եվրոպական երկրներում համաճարակի երկրորդ ալիքի մեծ ռիսկի մասին:

Գերմանիայում ամեն օր վարակի նոր դեպքերի թիվն աճում է: Երկրի արևմուտքում մսամթերքի արտադրամասում կորոնավիրուսի վարակի զանգվածային բռնկումից հետո երկու շրջաններում նոր կարանտին է մտցվել:

Այս վարակից Եվրոպայում ամենից շատ տուժած Իտալիայում ևս նոր դեպքեր են գրանցվում: Նոր դեպքերի ավելի քան կեսը Հյուսիսային Լոմբարդիայում են, որը բռնկման էպիկենտրոնն էր:

Պորտուգալիայում հայտնաբերվել են վարակի տարածման նոր օջախներ: Անցած ամսվա ընթացքում երկրում գրանցվել է վարակի ավելի քան 9 հազար 200 դեպք, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաքում: Լիսաբոնում խստացվում են սահմանափակումները. տասը մարդուց ավելի չի կարող հավաքվել, սրճարանները և խանութները պետք է փակվեն երեկոյան ժամը 8-ին:

Ռուսաստանում այսօր սկսվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը, որոնք թույլ կտան Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում և մնալ իշխանության մինչև 2036 թվականը: Ընտրատեղամասերում սոցիալական հեռավորություն ապահովելու համար հնարավոր կլինի քվեարկել մեկ շաբաթ` մինչև հուլիսի 1-ը:

XS
SM
MD
LG