«Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի», - երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդունվեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն», - ընդգծում է պետության ղեկավարը:
«Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ», - հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:
«Իմ քայլ»-ի մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանը երկուշաբթի օրն ընդունեց 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի:
Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը կուղարկվեն թոշակի։