Մատչելիության հղումներ

Անցած գիշերը Միացյալ Նահանգներում համեմատաբար խաղաղ էր


ԱՄՆ - Նյու Յորքի փոխոստիկանապետը ողջունում է ցուցարարներին, 2-ը հունիսի, 2020թ.
ԱՄՆ - Նյու Յորքի փոխոստիկանապետը ողջունում է ցուցարարներին, 2-ը հունիսի, 2020թ.

Օրեր շարունակված անկարգություններից, հրկիզումներից, թալանից ու բռնություններից հետո՝ անցած գիշերը Միացյալ Նահանգներում համեմատաբար խաղաղ էր: Նահանգային իշխանությունները` նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգից հետո, հավելյալ 20 հազար զինվորական էին ուղարկել փողոցներ` ոստիկաններին օգնելու և կարգուկանոն հաստատելու համար: Տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարված, Սպիտակ տան մերձակայքում ոստիկանները երեկ կրկին արցունքաբեր գազ էին կիրառել` երեկոյան 7-ից հետո արգելված հավաքը ցրելու համար:

Չնայած սահմանափակումներին, բողոքի ալիքը 9-րդ օրն է` չի մարում. հազարավոր մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ` ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության դեմ:

Շատերն ի նշան բողոքի բերանքսիվայր պառկում են գետնին` ձեռքերը ոլորելով մեջքի ետևում. մոտ տասն օր առաջ հենց այդպես էր Մինեապոլիսում մահացել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, ում իրավապահները փորձել էին ձերբակալել` կեղծ թղթադրամ շրջանառելու կասկածանքով: Ոստիկաններից մեկը մոտ 9 րոպե ծունկը սեղմած պահել էր 46-ամյա տղամարդու կոկորդին` չանսալով վերջինիս խնդրանքներին, թե այլևս չի կարողանում շնչել: Դիահերձումը երեկ արձանագրել էր` մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով, ինչն է'լ ավելի էր բորբոքել երկրով մեկ տարածված ցույցերը:

«Ես պայքարում եմ հանուն ի՛մ կյանքի, հանուն իմ երեխաների, իմ ընտանիքի և իմ նմանների: Եվ հիմա, անկեղծ ասած, ինձ համար ավելի լավ է` այսօր մեռնեմ, քան հաշտվեմ այն մտքի հետ, որ նույն իրավիճակն է լինելու հինգ տարի անց, որ երեխաներս էլ նույն խնդրի առջև են կանգնելու... հենց այդ պատճառով եմ ես այսօր այստեղ», - NBC-ին ասել էր ցուցարարներից մեկը:

Ոստիկանը, որ սեղմել էր ծունկը Ֆլոյդի կոկորդին, ձերբակալված է` երրորդ աստիճանի սպանության ու երկրորդ աստիճանի անզգույշ սպանության մեղադրանքներով: Միջադեպին ներկա մյուս երեք իրավապահներն ազատվել են աշխատանքից, բայց` առանց քրեական հետապնդման:

Ցուցարարները, մինչդեռ, արմատական փոփոխություն են պահանջում իրավապահ համակարգում, փաստելով` այդ դեպքն առաջինը չէ, ոստիկաննների ամենաթողության դեմ ցույցերն Ամերիկայում սկսվել են դեռ անցած դարի 60-ականներից, խնդիրը, սակայն, մինչ օրս չի լուծվել:

The Washington Post-ը ամիսներ առաջ դեռ հետաքննություն էր հրապարակել, արձանագրելով` Նահանգներում ոստիկաններից կողմից սպանված 10 ամերիկացուց 6-ը եղել են անզեն, ընդ որում` սպանվածների մեկ երրորդն աֆրոամերիկացիներ էին, այն դեպքում, երբ այդ համայնքը կազմում է ԱՄՆ բնակչության ընդամենը 13 տոկոսը:

Ընդամենը մի քանի տարի առաջ` 2013-ին, ամերիկյան քաղաքներով մեկ այլ շարժում էր սկսվել. Black lives matter` «Սևերի կյանքն արժեք ունի» կարգախոսով հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, երբ Ֆլորիդայում ոստիկանը հրազենով սպանել էր 17-ամյա մի սևամորթի և այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել: Դատարանը վճռել էր` ոստիկանը ստիպված է գործի դրել զենքը` ինքնապաշտպանության նպատակով, այն դեպքում, երբ սպանված պատանին անզեն էր եղել: Ամիսներ անց ոստիկանական բռնությունից շնչահեղձ էր եղել վեց երեխաների հայր Էրիկ Գարները, հետո անչափահաս Մայքլ Բրաունը... Ցուցակն այսքանով չի ավարտվում:

Ներկայացուցիչների տան Արդարադատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջերի Նադլերը ամիսներ առաջ այս հարցով Կոնգրեսում հրավիրված քննարկմանը մի քանի րոպե միայն զոհվածների անուններն էր թվարկում:

«Այսօրինակ դեպքերն ու դրանց մեղսակից ոստիկանների անպատժելիությունը ուղերձ են դարձել աֆրոամերիկացի բնակչությանը, որ նրանց կյանքը ոչինչ չարժե»,- հայտարարել էր ազդեցիկ կոնգրեսականը:

«Եթե մենք ուզում ենք իրական և կայուն բարեփոխումների հասնել, պետք է ոչ թե առանձին ոստիկաններով զբաղվենք, այլ` փոխենք համակարգը»,- իր հերթին պնդել էր Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ռոնալդ Դեյվիսը, ով մինչ այդ 30 տարի աշխատել էր ոստիկանական համակարգում:

«Ես տեսնում եմ դրական փոփոխություններ տեխնոլոգիաների, հանցավորության կրճատման ու այլ բնագավառներում, այդուամենայնիվ, որպես սևամորթ պետք է ասեմ` խտրականության վտանգը դեռ մեծապես առկա է մեր ոստիկանական ու քրեական արդարադատության համակարգերում, որտեղ մինչև այսօր մենք մեթոդներ ենք կիրառում, որոնք անցած դարի 50-ականներին էին մշակվել»,- ասել էր համակարգում մեծ փորձառություն ունեցող պաշտոնյան:

Տասնամյակներով չլուծվող այս խնդիրներին այժմ ավելացել է ևս մեկը` կորոնավիրուսն ու դրա պատճառով սրված սոցիալական ու հոգեբանական լարվածությունը: Պաշտոնական վիճակագրությամբ, աֆրոամերիկացիների համայնքում կորուստներն ավելի մեծ են` մահվան դեպքերն այստեղ ավելի հաճախ են արձանագրվում, քան սպիտակամորթների շրջանում, գործազրկությունը խորանում է, աղքատության ցուցանիշն` ավելանում:

«Բողոքի այս ալիքն ի ցույց է դնում փոփոխությունների սպասող մարդկանց արդարացի ու անկեղծ հիասթափությունը»,-օրերս գրել էր երկրի առաջին և առայժմ միակ սևամորթ առաջնորդ Բարաք Օբաման: Նախկին նախագահը, միաժամանակ, ընդգծել էր` ոչ մի բան չի կարող արդարացնել թալանն ու անկարգությունները:

«Եթե մենք ուզում ենք, որ մեր քրեական արդարադատության համակարգն ու ամերիկյան հասարակությունն, ընդհանուր առմամբ, առավել բարձր էթիկական չափանիշներով ապրեն, ապա ինքներս պետք է դառնանք մոդել ու դնենք այդ նշաձողը»,- գրել էր նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG