Միացյալ Նահանգների ողջ տարածքում շարունակվող բախումների, դրանք ուղեկցող հրկիզումների և թալանի ֆոնին, նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգում է տեղական իշխանություններին առավել կոշտ միջոցների դիմել` անկարգությունների ճնշման գործում չբավարարվելով միայն ոստիկանական ստորաբաժանումների կիրառմամբ:
«Բախումներն ու թալանը դադարեցնելու, ավերածություններին և հրկիզումներին վերջ տալու համար ես մոբիլիազացնում են դաշնային բոլոր հասանելի ռեսուրսները` քաղաքացիական և ռազմական: Այդ նպատակով այս պահից սկսած կյանքի են կոչվում հետևյալ քայլերը: Նախևառաջ մենք վերջ ենք տալիս երկրով մեկ տարածում գտած այս բախումներին և օրինազանցությանը: Դրան գումարած, ես այսօր նաև հստակորեն խորհուրդ եմ տվել բոլոր նահանգապետերին` Ազգային գվարդիայի մեծաթիվ ստորաբաժանումներ ներգրավել անկարգությունների դեմ պայքարում` փողոցներում թելադրողի դեր ստանձնելով», - հայտարարել է Թրամփը:
Նրա այս կոչին առաջինը հետևեցին մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանությունները: Ոստիկանական ստորաբաժանումները` մահակներով և վահաններով զինված, մի մասն անգամ հեծյալ, հաշված րոպեների ընթացքում ցուցարարներից մաքրեցին Սպիտակ տանը հարող փողոցները: Գործողության ընթացքում ոստիկանները նաև ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էին կիրառում:
Անկարգությունները Միացյալ Նահանգների տասնյակ մեծ ու փոքր քաղաքներում ծագեցին մայիսի 25-ին Մինեապոլիսում տեղի ունեցած միջադեպից հետո: Դրա ընթացքում ոստիկանները փորձել էին բերման ենթարկել քաղաքի աֆրոամերիկացի բնակիչներից մեկին` Ջորջ Ֆլոյդին: Ոստիկաններից մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Ֆլոյդը մահացել էր: Երկուշաբթի երեկոյան հայտնի դարձան Ֆլոյդի դիահերձման արդյունքները:
Անկախ փորձաքննությունն անցկացրած մասնագետները պնդում են, որ նրա մահվան պատճառը ոստիկաններից մեկի գործողությունների հետևանքով ծագած շնչահեղձությունն էր:
Պետական դատաբժշկական փորձաքննության պնդմամբ ևս, Ֆլոյդը մահացել է ոստիկանների գործողությունների արդյունքում ծագած սրտային անբավարարության հետևանքով, որի պատճառներից մեկը նաև այն էր, որ միջադեպից քիչ առաջ տղամարդը ծանր թմրանյութեր էր օգտագործել:
Երկու դեպքում էլ սակայն Ֆլոյդի մահը որպես սպանություն է որակվում, և նրան բերման ենթարկած ոստիկանը արդեն իսկ ձերբակալվել է:
Ֆլոյդի հետ տեղի ունեցած այս միջադեպը արձանագրվեց մի իրավիճակում, երբ աֆրոամերիկացիների շրջանում կրքերն առանց այդ էլ բավական թեժացել են:
Պատճառը այն ծանր մարդկային կորուստներ են, որ կրում է համայնքը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Վերջին շաբաթներին հրապարակված մի շարք հետազոտությունների համաձայն, երկրում կորոնավիրուսից մահացածների 20 տոկոսը աֆրոամերիկացիներ են, և սա այն դեպքում, որ այդ համայնքը կազմում է ԱՄՆ բնակչության ընդամենը 12 տոկոսը:
Կորոնավիրուսից աֆրոամերիկացիների կրած կորուստները և Ջորջ Ֆլոյդի սպանությունը ըստ ամենայնի զգալիորեն ազդելու են նաև աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի վրա: Չի բացառվում, որ աֆրոամերիկացիների շրջանում աճող դժգոհությունները նպաստեն առաջիկա ընտրություններում Թրամփի մրցակցի` նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի վարկանիշի աճին:
Դեմոկրատ թեկնածուի շտաբում դա շատ լավ են հասկանում, ուստի պատահական չէ, որ երեկ Բայդենը խախտեց գրեթե երեք ամիս տևած կարանտինը` հանդիպելով իր հայրենի Դելավեր նահանգում գործող աֆրոամերիկյան կազմակերպությունների և եկեղեցիների առաջնորդների հետ:
«Ես չեմ եկել ընտրության հարցում օգնություն հայցելու: Իմ այս այցը քաղաքական բնույթ չունի: Ես պարզապես ձեր խորհրդի և օգնության կարիքն ունեմ: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ինչ քայլերի է պետք դիմել և ինչ քայլերից է հարկավոր զերծ մնալ», - հայտարարում է Բայդենը՝ խոստանալով, որ ընտրվելու դեպքում պաշտոնավարման առաջին իսկ 100 օրերին հրամանագիր կստորագրի ոստիկանության գործողությունները վերահսկող հատուկ մարմին ստեղծելու վերաբերյալ: