Մատչելիության հղումներ

Պատասխանատվության պետք է կանչվեն ընդդիմադիրներին դատած դատավորները, պնդում է «Մարտի 1»-ի գործով արդարացվածը


Երևան, 1-ը մարտի, 2008թ.
Երևան, 1-ը մարտի, 2008թ.

Վճռաբեկ դատարանն արդարացրել է 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտված մոտ երկու տասնյակ ընդդիմադիրների։

Օրերս արդարացվեց նաև 2008-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի ղեկավար Մասիս Այվազյանը։

«Սպասում էինք, որ դա լինելու էր, արդարությունը վերականգնվում էր, ու հանցանք չկար գործով», - «Ազատության» հետ զրույցում ասաց 63-ամյա Այվազյանը:

Մասիս Այվազյանն այդ օրերին անցկացվող հանրահավաքների մասնակիցների հետ նստացույցի էր մասնակցում մայրաքաղաքի Ազատության հրապարակում։ Պատմում է, թե ինչպես էին փետրվարի 29-ի գիշերը ոստիկանական ուժերը հարձակվել նստացույցի մասնակիցների վրա և մարտի 1-ի վաղ առավոտյան բռնի ուժով իրեն և մյուսներին տարել ոստիկանական բաժանմունքներ։

Այվազյանին մեղադրանք էին առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Առաջին նախագահի աջակցին կալանավորել էին երկու ամսով, կալանքի ժամկետը լրանալուց հետո, սակայն, շարունակել էին առանց դատարանի որոշման պահել անազատության մեջ։

«Հորինված պատմություն էր, մարդիկ ցուցակով մարդկանց ձերբակալել էին և իրենց քաղաքական խնդիրներն էին լուծում, ուրիշ բան չկար էդտեղ», - նշեց Մասիս Այվազյանը:

Դեռևս երկու տարի առաջ Եվրոպական դատարանը որոշել էր, որ Հայաստանի կառավարությունը խախտել է ընդդիմադիր գործչի իրավունքները։ Պնդում է՝ բացի իրենց արդարացումից, պատասխանատվության պետք է կանչվեն ընդդիմադիրներին դատած դատավորները. - «Դե իհարկե, իմ կարծիքով՝ այո, ոչ միայն բերման ենթարկողները, այլ նաև՝ դատողները: Համակարգ է եղել, գործել, որը մարդկանց դատել է, պատվեր են կատարել»:

Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 50 դատավոր կա, որ մեկ տասնամյակ առաջ անարդար որոշումներ է ընդունել՝ բանտ նետելով ընդդիմադիրներին։ Նրանց մի մասն արդեն համակարգում չէ։

«Արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձինք կրելու են պատասխանատվություն և կանգնելու են դատարանի առջև: Ու վերջին նաև քաղաքական պրոցեսները նկատի ունենալով՝ ես նկատի ունեմ վեթինգի, Դատական օրենսգրքի և այլ փոփոխություններ, ես գտնում եմ, որ ամբողջ դատական համակարգի նկատմամբ իհարկե պիտի, անհրաժեշտություն է, բայց մենք առանձին պիտի դիտարկենք «Մարտի 1»-ով և հանրային գերակա շահի գործերով այդ դատավորների կայացրած վճիռները, գործերը, առանձին ուսումնասիրության առարկա պիտի դարձնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ըստ Խաչատրյանի, հեղափոխությունից հետո Գլխավոր դատախազությունն օրենքի սահմաններում դիմեց վերաքննիչ կամ վճռաբեկ ատյաններ՝ խնդրելով արդարացնել ընդդիմադիրներին։ Դատախազության պարզաբանումը տարիներ առաջ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով դատական գործերն էին, ինչպես նաև այս հարցերով եվրոպական դատարանների որոշումներն ընդդեմ Հայաստանի կառավարության, ասում է ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատուն։

«Որևէ ապօրինի, որևէ, ես ինչի եմ էս բառը նշում՝ որովհետև մենք ունեցել ենք նախադեպը ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռևս անգամ նախագահ չդարձած, մենք հիշում ենք, որ կային գնդակահարության հոդվածով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անձինք, և այդ անձանց ուղղակի մեկ օրվա մեջ ազատեցին բանտերից, ներգրավեցին իշխանության մեջ», - հայտարարեց Արմեն Խաչատրյանը՝ «Ազատության» դիտարկմանը՝ «դաշնակցականնե՞րը», արձագանքելով՝ «այո, այո», և շարունակելով. - «Հիմա, ի տարբերություն այդ իրավիճակի՝ մենք ունենք օրենքով՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր հնարավորությունները արդարությունը ճանաչելու համար»:

ՀԱԿ ներկայացուցիչն ասաց՝ անցած երկու տարում իրավապահները հապաղել են, դեռ 80 ընդդիմադիր սպասում է իր արդարացմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG