2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։
Դատարանն այսօր նրան արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով:
Մուշեղ Սաղաթելյանը կաթվածից հետո կոմայի մեջ հիվանդանոցում է նախորդ տարվա մայիսից 9-ից։ Դատական նիստերին նրա որդին՝ Սևակ Սաղաթելյանն էր մասնակցում․ - «Կեցցե արդարությունը, որը միշտ հաղթում է: Ցավոք, այսքան տառապանքների, փորձությունների գնով Մուշեղ Սաղաթելյանը հասավ նրան, որ Հայաստանում հաստատվեց ժողովրդի իշխանությունը: Ու այդ ամբողջ ճանապարհին նա չխնայեց ո՛չ առողջություն, ոչ մի բան: Ափսոս․․․ չնայած մի երկու օր տեսավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը տեսանք, 9-ին էդ դեպքը եղավ»:
Սևակ Սաղաթելյանն ասաց, որ դատարանի նման որոշման սպասում էին։ 2018-ի աշնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճիռ էր հրապարակել, որում նշվում էր, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։
Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը ավելի քան 15 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի դիմաց: Այս վճիռն էլ դարձավ նոր հանգամանք, որը հիմք ընդունելով Գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք: Այն բավարարվել էր, և գործն ուղարկվել էր նոր քննության:
Հայ ազգային կոնգրեսի իրավաբան Արմեն Խաչատրյանն ասում է, որ արդարացման նոր վճիռների համար բոլորովին էլ պետք չէ սպասել Եվրոպական դատարանի վճիռներին․ - «Այս բոլոր գործերով ուղղակի պետք է Վճռաբեկ դատարանը որոշումներ կայացնի, ինչպես երկու-երեք ամիս առաջ Գագիկ Ջհանգիրյանի գործով, որը նորից, ըստ էության, մարտիմեկյան կոնտեքստի քաղբանտարկյալներից էր, և Վճռաբեկ դատարանը ուղիղ որոշում կայացրեց արդարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Ու հիմքում դրված էր այն փաստը, որ
խախտվել է արդարադատության բուն էությունը, չարաշահում է տեղի ունեցել արդարադատություն իրականացնելիս, արդարադատությունը ի չարն է օգտագործվել մարդկանց հանիրավի դատապարտելու, ապօրինի դատավճիռներ կայացնելու համար»:
Արմեն Խաչատրյանը շեշտեց, որ այսօրվա արդարացման վճռի համար շատ ուրախ է և հույս ունի, որ այս գործընթացը կարագանա։ Ըստ նրա, այժմ 7-8 գործեր կան Վճռաբեկ դատարանում, որոնք դատախազությունը պահանջում է բեկանել, քանի որ խախտված է արդարադատության բուն էությունը․ - «Բոլոր այս քրեական գործերով թե՛ նախաքննությունը, թե՛ դատաքննությունը անցել են «պետպատվերի» շրջանակներում, և օրվա իշխանությունների հրամայականով նախաքննական մարմինները կազմել են մեղադրական եզրակացություն, իսկ դատարանները ուղղակի որպես դակիչ գործիք հաստատում էին այդ մեղադրական եզրակացությունները ու ավելացնում էին դատավճիռը»:
Ըստ Արմեն Խաչատրյանի, արդարացման դեռ սպասում է շուրջ 115 հոգի, որոնք դատապարտվել են 2008-ի արյունոտ մարտից հետո՝ ընդդիմադիր կեցվածքի համար:
Հայ ազգային կոնգրեսի իրավաբանը շեշտում է, որ զանգվածային անկարգությունից բացի, շատերին մեղադրանքներ են առաջադրվել, օրինակ, չգրանցված գործարարության կամ կավատության հոդվածներով։