Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009 թվականների ընթացքում դատարանների կայացրած վճիռների դեմ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի դատավճռով Այվազյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 2008-ի ընտրություններում նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակցին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008-ի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ, ինչպես նաև՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել էր նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի և երկու տարվա ազատազրկման։
Դատավճիռը Այվազյանի և նրա պաշտպանների կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, 2009-ի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել էր՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած Վերաքննիչի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն Վճռաբեկ դատարանը 2009-ի հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը 2009-ի հունիսին համաներմամբ ազատ է արձակվել: 2014 թվականին նա մահացել է:
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել, կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Սմբատ Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը», - ասված է Դատախազության այսօրվա հաղորդագրությունում:
Մասնավորապես, ըստ Դատախազության, խախտվել է Մարդու եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: «Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը հիշեցնում է, որ «Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված իր որոշումները, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության»:
«Ազատություն»-ը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հույս ունի՞ արդյոք, որ Վճռաբեկը կբավարարի գլխավոր դատախազի միջնորդությունը:
«Էն որ դատարաններում մենք էսօր խնդիր ունենք, ու ամենամեծ խնդիր հենց դա է, որ, ըստ էության, գործող դատավորների գերակշիռ մասը 2008-ին որոշումներ ու վճիռներ կայացրած դատավորներ են: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ իրականում փոխվել է իրավիճակը՝ եթե 2008-11 թվականներին իշխանությունների կողմից հստակ պատվեր է եղել ընդդիմադիր հայացքներ կրողներին դատապարտել, հիմա էս դատավորները հնարավորություն են ստացել իրականացնել արդարադատություն: Ես պնդում եմ, որ որևէ կերպով այդ դատավորների՝ նախկինում կատարված մեղքերը չեն մոռացվի, բայց գոնե էսօր կա առիթը, որպեսզի էս դատավորները գոնե իրենց նախկինում գործած սխալները ուղղեն», - ընդգծեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով դատապարտված ընդդիմադիրների արդարացմանը, և դեռ այս տարվա փետրվարին դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Վահագն Հայոցյանին: Հունիսին էլ Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործն է ուղարկվել նոր քննության: