Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հաստատել է` իշխանությունները խախտել են Վարդգես Գասպարիի արդար դատաքննության իրավունքը


Ակտիվիստ Վարդգես Գասպարի, արխիվ
Ակտիվիստ Վարդգես Գասպարի, արխիվ

Ակտիվիստ Վարդգես Գասպարին արդեն երկրորդ անգամ է հաղթում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Երկու դեպքում էլ գործն առնչվում է 2008-ի մարտյան հետընտրական իրադարձություններին։

Ստրասբուրգի դատարանը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են Գասպարիի արդար դատաքննության իրավունքը և պարտավորեցրել կառավարությանը երեք ամիսների ընթացքում ակտիվիստին վճարել մոտ 6.000 եվրո փոխհատուցում։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Գասպարին ձերբակալվել էր 2008-ին՝ երկու ոստիկանի ցուցմունքով։ Դատարանը նրան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել։

«Գիշերը տանն էի, առավոտյան ժամը երևի 8-ի մոտ էր, որ ես փորձեցի գնալ «Ազատության» հրապարակ, դե մեր տունը մոտիկ է էլի, Թումանյան փողոցով, որ այդպես մոտենում էի, Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ինձ բերման ենթարկեցին: Այսպես ասած` ես ճշտում անեմ, իմ նկատմամբ այդտեղ որևէ ուժ չի կիրառվել, այսպես կարելի է ասել` ուղղակիորեն ուսիցս բռնեցին, հրելով մեքենան խցկեցին: Հարված, դաժան բռնություն և այլն չի եղել»,- պատմում է նա:

Հայտնի ակտիվիստը նաև պնդում է, որ իրեն բանտում կտտանքների են ենթարկել, բայց այդ հարցը Եվրոպական դատարանը չի քննել տեխնիկական պատճառներով։ ՄԻԵԴ-ը, սակայն, հաստատված է համարել այն, որ ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքով քաղաքացուն դատապարտելը հակասում է արդար դատաքննության իրավունքին։ Գասպարին հիշում է, որ դատավոր Արշակ Պետրոսյանն իրենց, իր փաստաբան Մուշեղ Շուշանյանի փաստարկները հաշվի չի առել, ինչպես նաև մերժել է դատարան հրավիրել իրեն արդարացնող վկաներին։

«Բուն դատավարությանն է անդրադարձել, կոնվենցիայի 6-րդ հոդվածի` արդար դատաքննության իրավունքի մասին է խոսքը: Այս վճիռը մատնանշում է, որ չի թույլատրվել` մենք մեր վկաներին ներկայացնենք, և այն խախտումները, որ տեղի են ունեցել այսպես կոչված` ամենաանօրինական դատավարության ընթացքում` բոլոր նորմերը խախտելով»,- նկատում է նա:

Ըստ քրեական գործի` ոստիկանները դատարանում պատմել են, որ Գասպարին Երևանի «Ազատության» հրապարակին հարող տարածքում չի ենթարկվել ոստիկանության օրինական հրամաններին՝ չմասնակցելու ապօրինի հավաքներին, ավելին՝ ընդդիմացել է՝ հարվածելով նրանց։ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող «Ազատության» հրապարակի հավաքի մասնակիցներից ազատվելուց հետո Մաշտոցի պողոտայում նկատել են Գասպարիին և խնդրել հեռանալ տարածքից։ Ակտիվիստը, սակայն, իրեն ագրեսիվ է պահել, պնդել է, թե ոչ ոք իրեն չի կարող արգելել մասնակցել հավաքների։ Դրանից հետո, ըստ ոստիկանների, Գասպարին հարվածել է իրենց։

Բայց, ինչպես Եվրոպական դատարանն է փաստում՝ հայաստանյան դատարանները հիմք են ընդունել ոստիկանության փաստարկները, միևնույն ժամանակ հնարավորություն չեն տվել մեղադրվող կողմին ներկայացնել իրեն արդարացնող փաստարկները՝ վկաներ կանչել, դեպքի վայրի տեսագրությունը դիտել։

«Մինչդեռ անհրաժեշտ էր, որ դատարանը օգտագործեր ցանկացած խելամիտ հնարավորություն՝ ստուգելու քաղաքացուն ներկայացվող մեղադրանքի իսկությունը»,- գրում է Եվրոպական դատարանը։

Ինչ վերաբերում է Ստրասբուրգի դատարանի՝ դեռ 2018-ի որոշմանը, որը Գասպարիին անօրինական կալանքի տակ պահելու վերաբերյալ էր, ՄԻԵԴ-ը հաստատված էր համարել, որ խախտվել են ակտիվիստի՝ խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Դատարանը պարտավորեցրել էր ակտիվիստին 4.000 եվրո փոխհատուցում վճարել։

«ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ այս ինչ խցերում պահելը, որը եղել է փոքր, առողջությանը վնասակար և այլն, համարժեք է խոշտանգման»,- ասում է նա:

«Նուբարաշենի» բանտում պահվող Գասպարին ահազանգել էր` բանտում իրեն խոշտանգել են, նվաստացրել արժանապատվությունը, իրեն հոգեբանական բռնության է ենթարկել կալանավոր Տիգրան Թադևոսյանը, որն իրեն 2008-ին նախագահական երկրորդ ժամկետը ավարտող Ռոբերտ Քոչարյանի նվիրյալ էր համարում։

«Ազատության» հետ զրույցում ակտիվիստն ասաց՝ այս երկու վճիռներից հետո պետք է պատասխանատվության ենթարկվեն դատավորն ու դատախազները, որոնք խախտել են իր իրավունքները։ Անցած ամիս Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել Գասպարիին։

XS
SM
MD
LG