Մատչելիության հղումներ

Դատախազությունը ևս երեք գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ 2008-ին կայացված մեղադրական դատավճիռների դեմ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կրկին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել՝ այս անգամ Հովհաննես Ղազարյանի, Դավիթ Առաքելյանի, Արման Շահինյանի վերաբերյալ 2008 թվականին կայացված մեղադրական դատավճիռների դեմ:

2008-ին կայացված դատավճիռներով այս անձինք մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Դատավճիռներով Հովհաննես Ղազարյանը դատապարտվել է մեկ տարի, Դավիթ Առաքելյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է երկու տարի ժամկետով փորձաշրջան։ Իսկ Արամ Շահինյանը դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ժամկետով իրական ազատազրկման:

2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված բողոքի բոլոր ցույցերին մասնակցած, մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում դաժան ծեծի ենթարկված Դավիթ Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատախազության այս որոշումը անսպասելի էր իր համար:

«Շատ կարևոր հաղթանակ է, իհարկե, սա պետության հաղթանակն է, որովհետև ի վերջո արդարությունը պետք է հաղթի: Իմ համար, ճիշտն ասած, անսպասելի էր, որ դատախազությունը կդիմի դատարան նման հարցով, ուրեմն երկրում իրոք ինչ-որ բան փոխվել է դեպի դրականը», - ասաց Առաքելյանը:

Գլխավոր դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը: Գլխավոր դատախազությունը նշում է՝ վարույթն իրականացնող մարմինը և դատարանները այդ անձանց կողմից ոստիկաններին հրելը կամ քաշքշելը դիտել են որպես բռնություն, մինչդեռ առկա է եղել Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշում առ այն, որ դրանք չեն կարող որպես այդպիսին գնահատվել: Մեղադրանքներում, դատական ակտերում նկարագրված չեն այդ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի արտահայտման ձևերը:

Երեք քրեական գործերով էլ տուժող ճանաչված անձինք չկան: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես, դատաքննությունների ընթացքում մերժվել են անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն ականատեսին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները կամ դատարանի կողմից անարժանահավատ են համարվել վկաների դատաքննական ցուցմունքներ՝ չնայած դրանք գործով առկա այլ տվյալներով չեն հերքվել:

Դատական գործընթացները Դավիթ առաքելյանը թատրոն որակեց. «Թատրոն էր, որը պարտադրված բոլորը իրանց դերակատարությունները կատարում էին: Բավական է մի հատ, ձայնագրվում է չէ դատական նիստերը, թող ձայնագրությունները բարձրացնեն, իրենք կհամոզվեն՝ ինչ էր կատարվում: Վկաները շարքային տղաներ էին, մեղադրող դատախազը նրանց ջղային տոնով, երբեմն հայհոյելով պարտադրում էր, թե ում պետք է ցույց տա և ինչ եմ ես արել իրենց հետ, որովհետև առաջինը, որ մտավ ասեց՝ «ո՞ւմ ես ճանաչում, ո՞վ է քեզ դիմադրել», ցույց տվեց ինձ ուղեկցող ոստիկանին, որի վրա մեղադրող դատախազը խիստ վրդովվեց, անգամ հայհոյելով դատական նիստի ժամանակ, ասաց՝ «չես տեսնում իրա վիճակը, իրա կապուտները, գոնե իրան ցուց տուր էլի»: Նիստի ձայնագրությունները բարձրացնեն, ամեն ինչ պարզ կդառնա, բոլորս գիտակցում ենք, որ ինչ է կատարվում, դրա համար շատ հանգիստ էինք տանում»:

2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի պետ Դավիթ Առաքելյանը ասում է՝ Մարտի 1-ին իրեն հասցրած վնասներն այնքան ծանր են եղել, որ դարձել էր անճանաչելի:

«Իմ գործով տուժող չի եղել և չէր կարող լինել: Մենք հինգ հոգով կանգնած ենք եղել, եկել են ասել են՝ «ձեզ պետք է տանենք բաժին», սիրուն նստել ենք մեքենան գնացել ենք: Այ մեքենայի մեջ տուժողը արդեն ես եմ և իմ ընկերները: Մեքենա նստացնելուց մինչև բաժին հասցնելը մի 5-7 րոպե ճանապարհ ա ու պատկերացրեք՝ անընդմեջ մահակներով հարված ուտես, ինչ կդառնա: Իրենց թվում էր, որ իրանք առաջնագծում ենև թշնամուն պետք է ոչնչացնեն», - ասաց Առաքելյանը:

Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ դատապարտվեցին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգության մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կամ փոխադրելու համար։

Անցած տարվա իշխանափոխությունից հետո փաստորեն արդեն ութ անձանց գործերի վերաբերյալ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Դատախազությունը պահանջում է բեկանել դրանք, քանի որ ուսումնասիրելով դրանք՝ խախտումներ են հայտնաբերվել։ Արդեն մեկ գործ՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը վճռաբեկը հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Մյուս երկուսի՝ Արամ Բարեղամյանի և Սմբատ Այվազյանի գործերն էլ վարույթ է ընդունել և այժմ քննություն է տարվում։

XS
SM
MD
LG