Ռոբերտ Քոչարյանը դատարանում սպառնալիքի լեզվով էր խոսում․ երեկ Վերաքննիչում ժամեր տևած դատական նիստից այսպիսի տպավորություն է ստացել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Հիմա դատական համակարգը գտնվում է շատ փխրուն վիճակում, դուք գիտեք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականներ է տալիս, այսինքն՝ էնտեղ ներգրավված դատավորները, անդամները, և էդ վիճակում հասկանալի է, որ, մի տեսակ, դատարանը, դատական համակարգը կարծես գլխատված լինի, և դա հոգեբանորեն ևս կարող է ազդել դատավորների վրա, այդ թվում նաև՝ այս դատավորի վրա, որը վարում է այս դատական պրոցեսը, և դրա համար պետք է ասել, որ մի քիչ դատարանը տկար է այս պահին, շատ տկար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Ես մի րոպե չեմ կասկածում, որ ազատության մեջ Քոչարյանը ազդելու է նախաքննության ընթացքի վրա, վկաների վրա և այսպիսի միջոցներ է ձեռնարկելու իր ազատությունը փրկելու և իր չակերտավոր անմեղությունը հաստատելու համար»:
Դատական նիստի ընթացքում Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահն ակնարկեց, թե տարիներ հետո իր փոխարեն մեղադրյալի աթոռին կհայտնվեն այն մարդիկ, ովքեր հիմա իրեն են մեղադրում․ - «Եվս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, այս գործը սարքելու համար, այս գործը կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»:
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասում է՝ իր պաշտպանյալի այս խոսքերը սպառնալիք չէին, այլ՝ փաստերի վրա հիմնված հետևություններ: Հիշեցնում է՝ այսօր Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավված գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
«Ինքը չի էլ ասել, որ «ես եմ պատժելու, ինչ եմ անելու», ուղղակի ցանկացած հաջորդ իշխանություն նախորդ իշխանության քաղաքական գործընթացների համար պատասխանատվության է ենթարկելու, ուղղակի կոչ է դա, հորդոր է, որ նման մոտեցում չլինի», - վստահեցրեց փաստաբանը՝ շարունակելով․ - «Էստեղ դիրքորոշումների փոփոխությունը շատ ավելի ակնհայտ է՝ ում մոտ է տեղի ունեցել․ 2008 թվականի մարտի 1-ի Ազգային ժողովի լսումները լսեք և էսօրվա քննարկումները, դատախազների ներգրավվածությունը, մի տարի առաջվա իրենց կարծիքը և հիմիկվա կարծիքը, դրանից հետո պարզ կլինի՝ ինչի մասին է խոսել պարոն Քոչարյանը»:
Վերոհիշյալ հայտարարությամբ Քոչարյանը միացավ մեկ օրվա ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանի ուղղված վեց առանձին ինքնաբացարկի միջնորդություններին, որոնք ներկայացրել էին պաշտպանական կողմը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Ինքնաբացարկների հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ դատավորը 2008 թվականի հետընտրական արյունալի դեպքերից հետո մի շարք վճիռներ է կայացրել այդ գործով, դրանցից մեկն էլ եղել է այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, 2008-ին նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից Սասուն Միքայելյանի գործով վճիռը։ Միջնորդության հիմնավորման համաձայն՝ այդ որոշումները կարող են կաշկանդել դատավոր Դանիելյանին։
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասում է՝ այսօր դատական համակարգում շուրջ 50 դատավորներ կան, որոնք ժամանակին որոշումներ են կայացրել 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող գործերով, և իրենք այդ դատավորների ոչ թե ինքնաբացարկի, այլ համակարգից հեռանալու անհրաժեշտություն են տեսնում:
«Պետք է կայացնեին արդարացման որոշումներ, պետք է բեկանվեին այդ դատական ակտերը՝ դատախազության, Վճռաբեկ դատարանի համագործակցության արդյունքում, և էսօր մենք չունենայինք էդ խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Խաչատրյանը:
Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը հստակեցնում է՝ միայն փաստը, որ դատավորը Մարտի 1-ի գործ է քննել, իրենց համար ինքնաբացարկի հիմք չէ, և իրենք պարզապես փորձում են հնարավոր շահարկումներից խուսափել: «Մենք ինքներս Մարտի 1-ի մասով խնդիր չենք տեսնում, մենք խնդիր ենք տեսնում, որ Մարտի 1-ի մասով դիմացի կողմը արդեն կասկածի տակ է դնում անաչառությունը, արդյունքում ստացվում է՝ ինչ արդյունք էլ ստանանք, մեր համար լավ չի [այն իմաստով, որ] Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը չի ապահովվում: Որովհետև նույնիսկ դրական արդյունքի դեպքում կասկածի տակ է դրվում այդ արդյունքը»:
Երեկ դատարանում պատասխանելով 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հարցին, թե ինչո՞ւ արյունալի դեպքերից հետո իր պաշտոնավարման վերջին 40 օրերի ընթացքում այդպես էլ չբացահայտեց գործը, Քոչարյանը հայտարարեց՝ արդարադատությանը երբեք չի միջամտել, այդ թվում՝ Մարտի 1-ի գործերով: Նախկին նախագահի այս հայտարարությունից հետո համացանցում բազմաթիվ գրառումներ եղան նրա պաշտոնավարման տարիների մի շարք աղմկահարույց գործերի մասին:
ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը պնդում է՝ դատական համակարգի նկատմամբ անվստահության հիմքերը հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք են դրվել:
«Ով խոսի կարված գործից, չխոսի, Ռոբերտ Քոչարյանը ինչից ասեք կարող է խոսել՝ բացի անկախ դատական համակարգից իր պաշտոնավարման ընթացքում: Սկսած անմիջապես նախագահի պաշտոնը զբաղեցնելուց՝ նրա բազմաթիվ միջամտությունները հայտնի են դատական, արդարադատության ընդհանրապես համակարգին՝ սկսած, չգիտեմ, «Կուկուի» գործ, Աշոտ Բլեյանի գործ, հետագայում արդեն՝ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, բազմաթիվ գործերով: 2008-ին Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքական պատվերով ուղղակի թաղեց հայկական դատարանը, որովհետև եթե մինչև էդ մենք ցցուն ունեինք մեկ, երկու, երեք օրինակ, ապա 2008 թվի մարտի 1-ից հետո Քոչարյանի ուղղակի՛ պատվերով, ուղղակի պահանջով թաղվեց ընդհանրապես արդարադատությա՛ն համակարգը՝ դատախազությունը, ոստիկանությունը, քննչական․․․ որովհետև գործ կարելու ամենապրոֆեսիոնալ պատվիրատուն Հայաստանում՝ ամենապրոֆեսիոնա՛լը, Ռոբերտ Քոչարյանն է: Ու էսօր զարմանալի է, որ մեղադրյալը խոսում է կարված գործերից», - շեշտեց ՀԱԿ իրավական հարցեի հանձնաժողովի ներկայացուցիչը: