Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
Դատախազությունից հաղորդում են, որ 2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։
Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատապարտվել է 1 տարի, Մ. Այվազյանը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:
Գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:
Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով: