Մատչելիության հղումներ

Փաշինյան. Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը, կունենանք հարյուրավոր զոհեր


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպը Հայաստանում, ապա մայիսի վերջին կունենանք մոտ տասը հազար հիվանդ, իսկ հունիսի վերջին երեսուն հազար, հարյուրավոր զոհերով, այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին պահպանել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանոնները, պարետատան պահանջները՝ պահել սոցիալական հեռավորությունը, չանցկացնել զանգվածային միջոցառումներ, դիմակ կրել, լվանալ ձեռքերը։

«Եթե մենք այս տեմպը չկոտրենք, ըստ մեր հաշվարկների` մայիսի 29-ին արդեն կունենանք տասը հազար հիվանդացության դեպք, իսկ հունիսի 12-ին կունենանք քսան հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է` մեր մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով, և մենք մարդկանց ուղղակի չենք կարողանա օգնություն ցույց տալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեթև ախտանշան ունեցող կորոնավիրուսով վարակվածները այլևս տանն են մնալու

Օրվա ընթացքում պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին ֆեյսբուքյան գրառմամբ դիմեց առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը. «Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է: Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»։

Ըստ Թորոսյանի` այդ բուժաշխատողների համար Առողջապահության ազգային ինստիտուտը իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին:

Ապաքինվածների քանակն աննախադեպ բարձր է՝ մեկ օրում դուրս է գրվել 145 մարդ

Նախորդ` ռեկորդային բարձր ցուցանիշից հետո, երբ գրանցվել էր 351 վարակակիր, Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն աճել է 218-ով` հասնելով 5 հազար 41-ի: Գրանցվել է հիվանդությունից մահվան ևս երեք դեպք: Միևնույն ժամանակ ապաքինվածների քանակն է աննախադեպ բարձր՝ մեկ օրում դուրս է գրվել 145 մարդ, ընդհանուր առողջացածների քանակը 2 հազար 164 է, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը` հավելելով, որ երեկ իրականացվել է 1191 թեստ` նախորդ օրվա 1620 թեստի դիմաց.- «Մայիսի 19-ի ժամը 11-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված ընդհանուր 5 հազար 41 դեպք, որոնցից 2 հազար 164-ն` արդեն առողջացած և 64-ը` մահվան ելքով: Եվ այս պահին փաստացի բուժում ստանում է 2 հազար 788 պացիենտ: Թեստերի քանակը, մինչև այս պահը կատարել ենք շուրջ 43 հազար 41 թեստավորում, և եթե երեկվա օրվա տվյալներով արդեն ֆիքսենք, պետք է ասել, որ ունենք հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած»:

Փողոց դուրս գալիս դիմակի առկայությունը պարտադիր է, կրելը՝ ոչ, այլապես կտուգանվեք 10 հազար դրամով

Պարետի որոշմամբ երեկվանից՝ մայիսի 18-ից, Հայաստանում բոլորը հանրային բաց տարածքներում պետք է դիմակ ունենան, իսկ փակ տարածքներում` պարտադիր կրեն։

Այսօր Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այսինքն՝ տասը հազար դրամ: Մինչդեռ գործող պահանջի համաձայն տուգանքը կարող է կազմել 100 հազարից մինչև 250 հազար դրամ։

Խորհրդարանում նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը մանրամասնեց՝ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է բաց տարածքներում մարդկանց մոտ դիմակների առկայությանը, այսինքն՝ փողոցում մարդը կարող է չկրել դիմակ, սակայն պետք է իր մոտ ունենա, եթե ոչ, կարող է տուգանվել 10 հազար դրամով։ Ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա տնտեսվարող սուբյեկտներն են պատասխանատու, որպեսզի իրենց տարածքում գտնվող մարդիկ դիմակ կրեն, այլապես կտուգանվեն 100 հազարից մինչև 300 հազար դրամ.- «Հիմա այս նախագծով մենք կարգավորել ենք, որ եթե նախկինում անձը ենթարկվել է 100-ից 250 հազար դրամի չափով տուգանքի, ապա եռամսյա ժամկետում կվերանայվեն այդ վարչական ակտերը, և կսահմանվի 10 հազար դրամ, իսկ այն անձինք, ովքեր արդեն իսկ վճարել են սահմանված տուգանքը, ապա այդ անձանց կվերադարձվի 10 հազարից ավելի վճարված գումարը»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG