Մատչելիության հղումներ

Ոչ բոլոր ռեստորաններն ու մարզասրահներն են պատրաստ բացվել՝ պարետատան սահմանած կանոններով


Ջերմաչափում, ախտահանում, դիմակ, ձեռնոց՝ հետո նոր միայն ռեստորանների, մոլերի և մարզասրահների դռները բացվում են հաճախորդների առջև։ Սրանք պարետատան պարտադիր նվազագույն հրահանգներն են, որոնք, այդուհանդերձ, ամենուր չէին պահպանվում։

Առավոտից «Դալմա մոլում» արդեն հաճախորդների կուտակում էր, անվտանգության աշխատակիցների՝ սոցիալական հեռավորություն պահպանելու հորդորներն, այդուհանդերձ, միշտ չէին արժանանում ուշադրության։

Մոլում կինոթատրոնը, երեխաների համար զվարճանքի սրահները փակ էին, բայց նկատեցինք՝ երեխաներով հաճախորդներն էլ քիչ չէին։

«Կարոտել էր երեխան դուրսը», - ասաց հաճախորդներից մեկը:

Առևտուր գրեթե չկար, խանութներից շատերը դատարկ էին։ Առաջին օրն է, ասում էին, դեռ հարմարվում են նոր պայմաններին։

«Մեզ մոտ ավելի շատ մեծահասակներն են օգտվում, կարծում եմ, որ ընթացքում կունենանք անպայման», - ասաց խանութներից մեկի աշխատողը:

Նույն պատկերը գրեթե ռեստորաններում էր: Դեռ ամիսներ առաջ ռեստորաններից մեկի սրահում ազատ տեղ դժվար էր գտնելը, հիմա անգամ ամրագրումներ չկան: «Մեկ սեղան է դեռ եկել վերևը», - ասաց աշխատակիցը:

«Ազատության» հարցին՝ մարդիկ պատրաստվա՞ծ են գալիս, տեղյա՞կ են, որ պետք է դիմակով լինեն, նա պատասխանեց. «Հիմնականում տեղյակ են, ով էլ տեղյակ չի, մենք տեղեկացնում ենք»:

Գևորգ Սուքիասյանի ռեստորանը բացվելուց 15 օր անց կորոնավիրուսի պատճառով փակվեց։ Պետական աջակցություն չի ստացել, մեծ ներդրումներ է արել, դեռ վնասներ է կրում։ Սակայն, ի տարբերություն մյուս տնտեսվարողների դեռ չի շտապում բացել ռեստորանը, իրավիճակն է գնահատում, լավատեսական կանխատեսումներ չունի։

«Ինչ նորմեր է պետք լինելու, լրիվ հասկանանք, որ նոր բացենք, նոր սկսենք աշխատել: Պիտի [սեղանները] առանձնացնենք, հեռվացնենք, երկու հոգուց ավելի սեղանին չթողնենք մարդ նստի: Պահանջը հինգ հոգին է, բայց բոլոր պարագաներում հինգ հոգին արդեն շատ է», - ասաց Սուքիասյանը:

Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ևս սպասողական վիճակ է։ Վստահ չեն, որ կկարողանան ապահովել անվտանգության անհրաժեշտ պայմանները։ Նամակ են գրել պարետատանը, սպասում են, որ ավելի կոնկրետ պայմաններ ներկայացվեն մարզասրահներին, հույս ունեն, որ հունիսի 1-ից գուցե գործեն։

Ի դեպ, սպորտային ակումբներից մի քանիսն այսօր ևս փակ էին։ «Ռիբոկ»-ը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ կառավարության նշված պայմաններով հնարավոր չէ ապահովել հարմարավետ մարզումներ։

«Ազատության» հետ զրույցում «Օրանջ Ֆիթնես»-ի Մարքեթինգի և PR-ի բաժնից հայտնեցին, որ պարետատան նշված պայմանների մի մասը պարզապես անիրականանալի է և թերի։ Կոչ են անում պարետատանը խորհրդակցել սպորտային մեծ ակումբների հետ՝ չափանիշներ սահմանելու համար. «Դիմակով մարզվելը, բնականաբար, օդը հերիք չի լինում, մարզվելու ընթացքում էլ մեծ էներգիա ես ծախսում, կարող ես հևալ, հազալ, արդյունքում դա դառնում է ավելի վտանգավոր»:

Ձեռնոցներով մարզվողների, այդուհանդերձ, հանդիպեցինք «Նեպտուն» մարզասրահում։

XS
SM
MD
LG