Մատչելիության հղումներ

Այսօրվանից գործում է հանրային տրանսպորտը. ինչպե՞ս է վերահսկվելու իրավիճակը


Այսօրվանից Հայաստանում ամբողջովին վերականգնվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, վերաբացվում են առևտրի իրականացման վայրերը, մանկապարտեզները, հանրային սննդի օբյեկտները կկարողանան հանրային ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն նախակրթարանները: Այսօրվանից դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր է, իսկ այդ կարգը խախտողները կտուգանվեն:

Ինչպե՞ս է վերահսկվելու իրավիճակը մասնավորապես հանրային տրանսպորտում՝ Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում մանրամասնում է Երևանի փոխքաղաքապետ, վարակի կանխարգելման գործողությունները համակարգող քաղաքային օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Հարությունյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Սերգեյ Հարությունյան. – Վաղվանից կգործի տրանսպորտը, և հատուկ պայմաններ է սահմանել պարետատունը և հատուկ կանոններ՝ ինչպես պետք է օգտվել հանրային տրանսպորտից, և հատուկ պայմաններ են դրվել և՛ շահագործողների համար, և՛ մեր հարգելի և սիրելի քաղաքացիների համար, ովքեր պետք է օգտվեն տրանսպորտից:

Մեծ ժողով է տեղի ունեցել «Երևանտրանս»-ում՝ այնտեղ հրավիրվել են բոլոր մասնավոր ընկերությունները, և իրենց տրամադրվել են և՛ պարետի ցուցումները, և՛ մանրամասնվել է՝ ինչպես պետք է կազմակերպել աշխատանքները, որպեսզի տրանսպորտի գործածումը ևս մեկ օջախ վարակի տարածման չդառնա:

Ես երկու բառով, եթե թույլ տաք, մանրամասնեմ. տրանսպորտից օգտվելու պարտադիր պայման է միայն ձեռնոցներով և դիմակներով, այսինքն՝ էն քաղաքացիները, ովքեր ուզում են օգտվել տրանսպորտից, պետք է կրեն դիմակ և լինեն ձեռնոցներով: Նույնպես պարտադիր է և վարորդների համար դիմակի և ձեռնոցի կրումը: Տրանսպորտային միջոց մտնելիս լինելու է ալկոգել տեղադրված՝ ախտահանիչ նյութ, որտեղ պետք է մեր քաղաքացիները իրենց ձեռքերը մաքրեն: Նաև առիթից օգտվելով ուզում եմ հորդորել մեր բոլոր քաղաքացիներին՝ տրանսպորտից օգտվելիս, մինչ տրանսպորտ բարձրանալը ունենալ այդ 100 դրամանոց ուղեվարձը վճարելու դրամը, և պարետի ցուցումով նաև պայմանավորված՝ տեղադրվելու են վարորդների մոտ արկղեր, որտեղ մեր քաղաքացիները պարզապես պետք է այդ դրամը գցեն արկղի մեջ և իջնեն, որպեսզի լրացուցիչ շփում վարորդի և տրանսպորտից օգտվող մեր քաղաքացիների միջև չլինի, մինիմումի հասցնենք այդ գումարի փոխանցումը և մանրի վերադարձը:

Նաև ուզում եմ ասել, որ տրանսպորտը երկուանգամյա ռեժիմով ախտահանվելու է՝ օրական երկու անգամ՝ և՛ մասնավոր տրանսպորտը, և՛ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտը:

«Ազատություն». – Իսկ երթուղային տաքսիները՝ դրանք նո՞ւյնպես աշխատելու են:

Հարությունյան. – Այո, նույնպես աշխատելու են, պարոն Թամրազյան, և իրենց ախտահանման ծախսերը Երևանի քաղաքապետարանը վերցրել է իր վրա, և քաղաքապետի հանձնարարությամբ՝ այդ ախտահանում կատարող մասնագիտական ընկերությունը նույնպես նաև մասնավոր փոքրիկ երթուղայիններն էլ կախտահանի օրը երկու անգամ:

Նաև ուզում եմ ասել, որ պարետի ցուցումով պայմանավորված, բոլորին հանձնարարականը տրվել է՝ նաև ամեն երթուղիից հետո պետք է վարորդները տրանսպորտային միջոցը, նստատեղերը, բռնակները և այլն ախտահանիչ նյութով նույնպես մշակեն: Այսինքն՝ բացի երկուանգամյա լիարժեք ախտահանումից, նաև ամեն երթուղիից հետո վարորդները պետք է բոլոր բռնակները, այսինքն՝ այն շփման կետերը, որոնք լինելու են՝ քաղաքացիներով պայմանավորված, պետք է ախտահանեն:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG