Մատչելիության հղումներ

Բժիշկը պարզաբանում է՝ ինչպես են տարբերակվում կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքերը


«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատուկ ուղեցույց է մշակել, թե ինչպես պետք է հաշվարկել կորոնավիրուսով վարակվածների թիվը, մահացածների թիվը: Ըստ այդ ցուցման՝ եթե վարակակիրը մահացել է ուղեկցող հիվանդության հետևանքով, բայց հիվանդության բարդացումը կապված է կորոնավիրուսի հետ, ապա այդ մահվան պատճառը պետք է համարվի կորոնավիրուսը, այդպես չէ՞, և գրանցվի իբրև կորոնավիրուսի մահ: Բայց մենք տեսնում ենք, որ մեզ մոտ, փաստորեն, երկու վիճակագրություն կա՝ ասվում է, որ այ սա, ուրեմն, այս մահը գրանցվել է իբրև կորոնավիրուսի պատճառով մահ, թեև կա ուղեկցող հիվանդություն, բայց կա նաև երկրորդ վիճակագրությունը, նրանց թիվը շատ չէ՝ շուրջ 20 հոգի, որոնք ունեցել են կորոնավիրուսի վարակ, սակայն այլ պատճառով են մահացել: Մենք, փաստորեն, չենք կատարում ԱՀԿ-ի այս ցուցումը: Ինչպե՞ս կբացատրեք Դուք:

Գրիգոր Մանուչարյան. – Տեսեք, ուրեմն, ծանրագույն ինսուլտ ունեցող հիվանդը, որ վարակվում է կորոնավիրուսով ու կորոնավիրուսի բացի ինքը կրող լինելուց՝ ուրիշ որևիցե բարդություն չունի, տվյալ անձը կարող է մահանալ իր ինսուլտից, ոչ թե կորոնավիրուսի բարդությունից: Կապել այդ մահը կորոնավիրուսի հետ, կարծում եմ, սխալ է, ինքը վարակակիր է: Ոնց որ օրինակ բերենք՝ մարդը ինսուլտ է ծանրագույն ու վարակվել է գրիպով, մահացության պատճառը հո գրիպը չի՞, մահացության պատճառը ինսուլտն է, որը կապ չունի գրիպի հետ:

«Ազատություն». – Ինչպե՞ս է վիճակագրությունը գրվում, երբ որ, ասենք, գրիպի բարդության պատճառով այդ մարդը մահանում է, բայց մահանում է ուրիշ պատճառով, այդ դեպքում գրիպը չի գրվում, չէ՞, իբրև մահվան պատճառ:

Մանուչարյան. – Իհարկե գրվում է: Եթե ինքը մահացել է, օրինակ, գրիպի որևիցե մի վիրուսից առաջացած բարդության հետևանքով, ախտորոշման մեջ գրվում է, միանշանակ: Նույնն էլ կատարվում է կորոնավիրուսով հիվանդների ժամանակ՝ երբ որ ինքը կորոնավիրուսի բարդությունից է մահանում, այո, դա կհամարվի կորոնավիրուսային մահ, բայց եթե իր մահվան պատճառն ընդհանրապես կապ չունի կորոնավիրուսի հետ, կարծում եմ՝ սխալ է իրեն կապել, որ կորոնավիրուսից է մահացել:

«Ազատություն». – Բայց ո՞նց եք որոշում, որ ինքը ոչ թե կորոնավիրուսից է մահացել, այլ՝ ուրիշ հիվանդությունից, եթե կա էդ վարակը իր մեջ: Բազմաթիվ սիմպտոմներ ունի, չէ՞, կորոնավիրուսը, միայն, ասենք, շնչարգելությունը չէ, միայն տաքությունը չէ, չէ՞, բազմաթիվ դրսևորումներ ունի:

Մանուչարյան. – Այո: Տեսեք, հիվանդը նախքան կորոնավիրուս ունենալը ունեցել է ինսուլտ, ինսուլտից հետո է վարակվել կորոնավիրուսով՝ արդեն կար ինսուլտը, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով, ու հետևաբար՝ ինսուլտը կորոնավիրուսի հետևանք չի կարող լինել:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG