Մատչելիության հղումներ

Նորքի տուն-ինտերնատում 45 վարակվածներից 28-ը հաստատության աշխատակիցներ են


Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի վարակի 45 դեպք է հաստատվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ տարեցներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ - «28-ը հաստատության աշխատակիցներն են։ Հիմնականում նրանց մոտ սիմպտոմներ ընդհանրապես չկան։ Այդ իսկ պատճառով նրանք մեկուսացված են հյուրանոցներում։ 17 տարեցներից 14-ը ստանում են բժշկական օգնություն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածածին» բժշկական հաստատություններում»։

Թեստավորվել են ինտերնատի բոլոր՝ ավելի քան 200 տարեցները։ Խոնակի փոխանցմամբ, ավելի ուշ անցկացվելու է կրկնակի թեստավորում։

Հաստատությունում կարանտինային ռեժիմն է՛լ ավելի է խստացվել, մասնագետներ են հրավիրվել դրսից՝ տարեցների առողջական վիճակը հսկողության տակ պահելու համար։

Սոնա Մարտիրոսյան․ - «Օրինակ, Խարբերդի մանկատան բուժանձնակազմից ենք մարդիկ ներգրավել, ովքեր գիշերում են հաստատությունում։ Կարանտինային ռեժիմը վերաբերում է նաև բուժանձնակազմին»։

Դարպասի մոտ փաստաթղթերի էր սպասում հիվանդանոց տեղափոխված խնամվողներից մեկի դուստրը։ Նա ասաց, որ հայրը ինսուլտով է բուժկենտրոն տեղափոխվել, բայց նաև ջերմում է։

Հայաստանի երեք տուն-ինտերնատներում խնամվում է շուրջ 580 տարեց։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից 20 մետրի վրա գտնվող տուն-ինտերնատը միակն է, որտեղ վարակի դեպքեր են հայտնաբերվել։

Թիվ 1 տուն-ինտերնատում 210 խնամյալ կա։ Տնօրեն Վահան Զուրաբյանն ասաց, որ վարաման դեպք չունեն։ Նա փոխանցեց, որ բոլոր ծերանոցները փետրվարի վերջին կարանտինային ռեժիմի էին անցել․ - «Անցած ամսի 21-ից ընդհանրապես անցել ենք աշխատանքային փակ ռեժիմի։ Աշխատողներն էլ տուն չեն գնում, ոչ մի այցելություն, ելումուտ գոյություն չունի»։

Միակ բացառությունը սննդամթերք բերող մեքենան է, որի վարորդը, տնօրենի վստահեցմամբ, մուտք գործելուց առաջ մանրակրկտորեն ստուգվում է։ Տնօրենն ինքն էլ ծերանոց է մտնում միայն հերթափոխի օրը՝ 14 օը մեկ։

Քանի դեռ այստեղ որևէ դեպք չկա, տարեցների զբոսանքն արգելված չէ։ Իսկ Նորքի տուն-ինտերնատի բնակիչները բակ այլևս չեն իջնում։ Դեռևս երկու ամիս առաջ նրանք հաճույքով պատմում էին կորոնավիրուսի զարգացման սեփական սցենարների մասին, համոզում էին, թե որքան անվախ, բայց և ուշադիր են։

XS
SM
MD
LG