Մատչելիության հղումներ

Վարակակիրների թվի ռեկորդային աճը, ըստ Առողջապահության նախարարության, մի քանի պատճառ ունի


Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 351 նոր դեպք, հիվանդությունից առողջացածները 94-ն են։ Երեկ մահացել է մեկ անձ, 84-ամյա տղամարդն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

COVID-19-ից մահացածների ընդհանուր թիվը 61 է։ Երեկ նաև կորոնավիրուսի ախտորոշման ամենաշատ հետազոտություններն են անցկացվել՝ ավելի քան 1600։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 4 հազար 823-ի է հասել, որոնցից 2 հազար 19-ը բուժվել են, 2 հազար 718-ը փաստացի բուժվողներն են։ Ըստ Առողջապահության նախարարության, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվն անցնում է 100-ը։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի խոսքով. - «Երեկվա դրությամբ ունեցել ենք ծանր վիճակում գտնվող 66 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32 պացիենտներ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից 9-ը միացված են թոքային օդափոխման սարքին»:

Իսկ ինչո՞ւ է վերջին օրերին ռեկորդային թվերով ավելանում կորոնավիրուս ունեցող անձանց քանակը, Առողջապահության նախարարությունում մի քանի պատճառ են նշում։ «Մեկ, որ այս պահին մեկուսարաններում գտնվող պացիենտները, ովքեր որ դրական են եղել, իրենց 14-րդ օրերն են հիմնականում լրանում, և մենք մասսայական թեստավորում ենք, որպեսզի հասկանանք դուրսգրումները: Ի դեպ, նաև իրենց կոնտակտները, հաստատված դեպքերի կոնտակտներն են մասսայական թեստավորվում, այսինքն` այստեղ ընտանիքներ են, ընտանիքների մասին է խոսքը և մեծ շրջապատներ: Երկրորդ պատճառը դա է», - ասաց Ալինա Նիկողոսյանը:

Վիճակագրության ավելացմանը, ըստ Առողջապահության նախարարության մասնագետների, նաև արտակարգ դրության սահմանափակումների վերացումն է նպաստել։ Նախարարությունից արձանագրում են՝ մարդիկ էլ իրենց հերթին սկսել են չպահպանել կանոնները։ Իսկ այսօրվանից վերացող սահմանափակումնները կարող են նպաստել դեպքերի աճին. - «Վերջին միտումները տեսնելով` մենք, նախարարն էլ է բազմիցս շեշտել, որ գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում, և եթե այս միտումը պահպանվի օրինակ` մինչև մայիսի 24-ը, կունենանք մոտ 6 հազար 500 դեպք, իսկ օրինակ` հունիսի 8-ին` արդեն 12 հազարից ավելի դեպք»:

Դեպքերի աճին առաջիկայում կարող է նպաստել նաև դավադրության տեսությունների տարածումը, այս մասին արդեն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է իր Ֆեյսբուքի էջում գրել։ Ըստ նախարարի՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին զուգահեռ մեծանում է նաև վարակի մասին կեղծ տեսություններին հավատացողների թիվը։ Փաստն անհանգստացնում է նախարարությանը, համոզված են՝ մարդիկ կարող են կորցնել իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։

«Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է» և նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «կարծիք են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Չենք ուզում, որպեսզի մեր բնակչությունը կորցնի զգոնությունը և եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու կեղծ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած դրանց հետևում և ինչ շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին», - նշել է նախարարը:

Հիվանդության տարածման տեմպը կանգնեցնելու համար քաղաքացիներին նախարարը հորդորել է ավելի ուշադիր լինել, հետևել բոլոր ցուցումներին։

Նախարարության տվյալների համաձայն՝ այս պահին դեռ հիվանդանոցների մահճակալային ֆոնդը բավարարում է, սակայն ինչպես հայտարարվել է ավելի վաղ, եթե դեպքերն ավելանան, առանց ախտանշանի հիվանդները տնային բուժում կստանան։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի պատճառով երկու օր առաջ մուտքի և ելքի սահմանափակումներ մտցվեցին Արենի խոշորացված համայնքում, որտեղ արդեն կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել:

Ըստ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի` դեպքերը կապված են Երևանում վիրահատված ու կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ։ Թե որքան կոնտակտավոր կա, մարզպետը թիվ դեռ չի նշում.- «Վիճակը շատ ավելի լավ է, քան թե մենք պատկերացնում էինք: Այսինքն` այդ անձանց թիվը, ովքեր որ պատկերացնում էինք, գնալով նվազում է, հնարավոր է ավելի մեղմ միջոցներ էլ հետագայում կիրառվեն»:

Ըստ Գրիգորյանի` Արենիում ևս 5 բնակիչ է հետազոտվել, նրանք կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ են ունեցել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG