Մատչելիության հղումներ

«Սև ցուցակում եմ, բանկի դռներին մոտենալ չեմ կարող». գյուղացիները՝ հակաճգնաժամային առաջարկների մասին


Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը մի շարք ծրագրեր է սկսում գյուղատնտեսության ոլորտում։ Ոռոգման ժամանակակից համակարգ, ինտենսիվ այգիներ, կարկտապաշտպան ցանցեր, մի շարք այլ՝ գյուղատնտեսության որակը փոխող ծրագրերի համար անտոկոս վարկեր կտրամադրվեն։

Առաջարկվում է նաև մինչև 1 մլն դրամի միկրովարկ` էլի անտոկոս։ Գործադիրի հակաճգնաժամային առաջարկների մասին հող մշակողները լսել են, բայց ունեցած վարկերն ու օրվա հարցերն այնքան շատ են, նոր ծրագրեր չեն կազմում։

«Ես երևի 1.5 վարկ ունեմ, էթամ, ասեմ` ինձի մի միլիոն տուր, էս էլ չծախվավ, լավ, էսի չծախվավ, ինձի տալո՞ւ է նորից մի միլիոն»,- ասում է Հովհաննես Շահբազյանը, որ այսօր սոխի առատ բերքն էր հավաքում: Ասում է՝ «վարչապետի ցավը տանեմ», բայց էստեղ 25 հազար կապ սոխ կա, որտեղ վաճառի.- «Ռեալիզացնելու խնդիր ունեմ, եթե ես չկարենամ ռեալիզացնեմ, էսի 10 օր հետո պիտանի չի»:

Լսել է, որ շուկայում 50 դրամ արժե այդ փայլուն սոխը, հաշվում է և ծախսերի տակից դուրս չի գալիս, նոր վարկի ռիսկ չունի.- «Եթե էս սոխը ծախվի, ինձի ոչ մի բան էլ պետք չի, եթե ծախվի»:

120 հեկտարի վրա մեծածավալ հողագործությամբ է զբաղվում Նոր Դվին գյուղից Յուսուֆ Դինխոևը։ Ասում է` կառավարության առաջարկները շատ լավն են, կօգտվի.- «Վարկ մեզ պետք է, սերմեր վեկալեմ, վառելիք, դիզվառելիք վեկալեմ, որ տեխնիկան էլ աշխատի: Սրա համար է պետք, վարկը մեզ պետք է գալու, որ կաթիլային խողովակ գնեմ` պոմիդորի մշակման համար»:

Պոմիդորի գործն անտոկոս վարկով առաջ կգցի, բայց ֆերմեր Դինխոևն էլ մտահոգ է` ելակի 25 հեկտարանոց դաշտում մտածում է` ինչպես է իրացնելու այս 300 տոննա ելակը. արտահանման ուղիները փակ են, մինչև այդ էլ ովքե՞ր են հավաքելու այս ելակը: Մարդիկ, ասում է, վախենում են դաշտ դուրս գալ.- «Բա ո՞նց ենք բերելու մենք ժողովրդին, մեզ ժողովուրդ է պետք լինելու մոտ 200-300 հոգի»:

Դաշտում օրավարձով աշխատող տղամարդկանց խումբը սուրճի ընդմիջում էր անում.- «Մենք առավոտ էթում ենք դաշտ, իրիկունը գալիս ենք, էնքան էլ էս հիվանդություններից են խոսում, վախենում ենք, տելեվիզր էլ միացնենք, գոնե մի քիչ այդ առողջությունից խոսան, էտ լավացումից խոսան, որ ալիքը միացնում ես, կրոնավիրուս, կրոնավիրուս, ախպեր: Վախենում ենք` տնից դուրս էլ գանք, մամայիս վախենում եմ պաչեմ»,- ասում է Արթուր Մելքումյանը, որը արտոնյալ ծրագրերի մասին լսել է, բայց ասաց՝ բանկի դռներին մոտենալ չի կարող.- «Էտի վերցրել եմ, հողս մշակել եմ, հիմա չեմ կարում վերադարձնեմ: Չեմ կարում վերադարձնեմ, ընկել եմ սև ցուցակ, ոչ վարկ են տալիս»:

Գուցե գյուղացիական կոոպերատիվներ ստեղծեն, միավորեն ջանքերն ու օգտվեն նոր հնարավորությունից, Արթուր Մելքումյանն այս հեռանկարին էլ չի հավատում.- «Իմ մուրքուրիս տղեն ա, ինքը իմ հետ չի միանա, որովհետև ինքը մաքուր է, վարկային պատմությունն իրա, ինքն անհատ ստանում ա, ինքն իրա համար օգտվում ա»:

Օրավարձով խաղողի այգում գործ անելուց հետո տղամարդիկ ստացան 8000 դրամ, շնորհավորեցին միմյանց:

Մարտին Մանասերյանը սեփական խաղողի դաշտում է, խաղողի չոր կապ է անում, մինչև կանաչ շիվերը բացվեն, ու հետո էլ կանաչ կապ անի.- «Գյուղացին պիտի աշխատի, եթե գյուղացին արտադրանք չտվեց, վաղը վիճակը շատ ծանր կլինի»:

Անտոկոս վարկերի մասին լսել է, բայց օգտվել չի պատրաստվում, փոխարենն ահազանգում է` բուժանյութերի որակն այն չէ, առվույտն առանց ջրի է մնացել, ինչո՞ւ ջուր չեն տալիս

Հին վարկերի ձեռքը կրակն է ընկել ֆերմեր Արթուր Գրիգորյանը: Ասում է՝ «ինչ տեսնում եք, վարկ է»:

«Հող էլ եմ առել, ջերմոցն եմ սարքել, մեղու ունեմ»,- պատմում է նա: Թե ինչ ռիսկերով է անցնում գյուղացու օրը, ներկայացնում է իր օրինակով. ահա մի քանի օր ուշացրեց պարարտանյութը, և տիզը խեղդեց շքեղ խնձորենուն.- «Էտի խնձոր էր, ոչինչ մի յաշիկ կառնենք»:

Բուրաստանցի ամուսինները խաղողի այգում չոր կապ էին անում։ Կինը՝ Շողիկ Մակարյանն ասում է՝ այս վիրուսի պատճառով հողի գործը շատ է տուժում.- «Հետա գցում, բա ի՞նչ ա անում, մի օր գալիս ենք, մի օր վախում ենք, դուրս չենք գալիս, մեր փողոցից հենա տարել են, մարդիկ են տարել, ես շատ գիտեմ: Վախում ենք, բայց դե Աստծուն խնդրում ենք, մեր գործն անում ենք»:

Ապառիկով տեխնիկա են գնել, նոր, նույնիսկ անտոկոս վարկ չեն ուզում:

«Անտոկոս էլ չեմ ուզում, չեմ ուզում»,- ասում է Գագիկ Գրիգորյանը: Խաղողը սովորաբար Մեյմանդարի շուկայում էին իրացնում, հիմա եթե չվաճառվի էլ, դժգոհ չէ, ոգելից կդառնա, իրեն կմնա.- «Լավ կլինի էլի, լրիվ գինի, արաղ կանենք, կխմենք»:

Ամուսնու հոգսը կորոնավիրուսի հետևանքը չէ, այլ բուն վիրուսը: Դժգոհեց՝ մեկ ամիս է` կնոջից խաբար չունի.- «Եթում ենք տուն, վապշե մոտանալ, բան չկա, ոչ մի բանով չենք զբաղվում»: Կինն էլ լրացնում է.- «Ճիշտ ա ասում, էդպես ա»:

Դաշտում էլ ամուսինները գործի էին անցել սոցիալական 100 մետրանոց հեռավորության վրա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG