Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջիկայում առնվազն 150 միլիարդ դրամ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կառավարությունը առաջիկայում առնվազն 150 միլիարդ դրամ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը, «Շանթ» հեռուստաընկերության հետ զրուցում երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ այդ գումարի մեծ մասը՝ 80 միլիարդ, հատկացվելու է այն ընկերություններին, նախագծերին, որոնք Հայաստանը կպատրաստեն նոր՝ հետկորոնավիրուսային աշխարհին։

«Առաջիկայում առնվազն 150 միլիարդ դրամի կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Առաջին փուլով 25 միլիարդ դրամ կհատկացնենք հետևյալ ծրագրին. մենք ինչ կասենք՝ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, իրենց հարկային պարտավորությունները կատարելու համար, իրենց կոմունալ վճարները վճարելու համար, հումք ձեռք բերելու համար, և էլի կետեր կլինեն, կհրապարակվի որոշումը, մենք այդ վարկի 50 տոկոսը, կառավարությունը, կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածը՝ բանկի հատվածից տոկոսը կսուբսիդավորվի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով: Գյուղատնտեսական վարկերը կսուբսիդավորենք էնքան, մինչև դա դառնա 0 տոկոս էլի», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Երրորդը՝ մենք 30 միլիարդ դրամի փաթեթ ենք պատրաստել զուտ սոցիալական հրատապ աջակցության համար»:

«Ամենամեծ փաթեթի՝ 80 միլիարդ, բայց այս մասով ես կարող եմ երաշխավորել, որ մենք անսահմանափակ ֆինանսավորում կունենանք, մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական՝ այն առումով, որ էդ ընկերությունները իրենք իրենց և Հայաստանի Հանրապետությանը կպատրաստեն նոր աշխարհին», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեով այս տարի նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն բազմաթիվ տնտեսագետներ արդեն կասկած են հայտնում, թե իշխանությունները կհաջողեն այդ ծրագրի իրականացման գործում՝ պատճառաբանելով կորոնովիրուսի բացասական հետևանքներով։

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ստեղծված պայմաններում կառավարության աջակցությունը տնտեսությանը անհրաժեշտ է։

Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց հատկապես վերջին կետի՝ 80 միլիարդ դրամ աջակցության վրա։

«Մի քիչ շատ անորոշ է, շատ նաև ընդհանուր, բայց կարծում եմ՝ շարունակությունն է այն փիլիսոփայության կամ տրամաբանության, որ կառավարությունը, նոր կառավարությունը վերջին երկու տարիներին փորձում է հանրությանը, գործարար շրջանակներին ներկայացնել, որ նախկինում, կամ ընդհանրապես՝ գործող, էսպես, տրադիցիոն մոտեցումների փոխարեն նորերը, նոր մոտեցումներով պետք է հանդես գան: Խոսքը վերաբերում է հենց հատկապես գործարարական կամ բիզնես շրջանակներին: Ես էդպես եմ ընդունում այս մոտեցումը, այս կոչը կամ այս ծրագրերը: Ինչքանով իրականություն կդառնան՝ այ սա արդեն ուրիշ հարց է», - ասաց տնտեսագետը՝ հավելելով. - «Կարծում եմ, որ կառավարությունը, բոլոր դեպքերում, նույնիսկ էս ծանր վիճակում, չի կորցրել իր լավատեսությունը և փորձում է այս քայլերով նաև իր վարքագիծը ցույց տալ գործարար շրջանակներին, որ «մենք մնացել ենք նույնը»: Ես էդպես եմ գնահատում»:

Խաչատրյանը հույս հայտնեց, որ «կաշխատի սա». - «Հույս ունեմ, որ գործարար շրջանակներն էլ կաջակցեն, և, բացի սրանից, իհարկե, կան քայլեր, որոնք, համոզված եմ, կառավարությունը հաշվի է առել, կանի: Հիմնականում այդ քայլերը ուղղված պետք է լինեն հատկապես տեղական արտադրությանը զարկ տալուն նորից՝ պետական պատվերների ձևով, գնումների ձևով դրանք պետք է ուղղվեն հենց հայաստանյան ընկերություններին, որոնք զբաղված են պաշտպանական որոշակի ծրագրեր իրականացնելով կամ ընդհանրապես տնտեսության առանձին բնագավառներում ծրագրեր իրականացնելով: Սա երկրորդ, ես կարծում եմ, հրահանգը կլինի կամ մոտեցումը, որ կառավարությունը պետք է ցուցաբերի այսօրվա այս տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, որովհետև միայն էդ ձևով մենք կարող ենք օգտակար լինել»:

«Եվ երրորդ մոտեցումը կա՝ ես կարծում եմ՝ մենք անելիք ունենք նաև Եվրասիական տնտեսական միությունում», - շեշտեց Վահագն Խաչատրյանը:

XS
SM
MD
LG