Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը: Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է, որ սրա վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել մինչև վաղը:
«Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն», - նշված է գրառման մեջ, ապա ներկայացվում են օժանդակության ձևերը:
Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․
- Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:
Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․
- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար,
- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ,
- հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ,
- սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,
- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար,
- առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում:
Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով,
- ժամկետը՝ մինչև 24 ամիս,
- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն դրամը,
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
- առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:
Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:
Վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է այս պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ կիրականացվի՝
- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ
- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:
Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.
վարկի նպատակ համաֆինանսավորման չափ
ա) աշխատակիցների աշխատավարձեր
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:
բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:
գ) սարքավորումներ
- համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս
դ) հումքի գնում
- համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս
ե) կոմունալ վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս
զ) սննդի ներմուծում
- համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս
ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ տոկոսը կկազմի 12 տոկոս, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի դրամ:
գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ տոկոսը կկազմի 12 տոկոս դրամով, իսկ արտարժույթով՝ 9 տոկոս: