Գործադիրը այսօր հաստատեց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակաճգնաժամային գործողությունների հինգ փաթեթ և մեկ ծրագիր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստացրեց, որ նպատակը ոչ թե գոյապայքարն է, այլ զարգացումը. – «Մենք այս ծրագրով ուզում ենք ոչ միայն աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին և աջակցել սոցիալական առաջին հարվածը ստացած և հարվածներ ստացած մեր խավերին, այլև շատ կարևոր է, որ այս փաթեթի խորքային նպատակը մեր տնտեսությանը, հանրությանը, մեր քաղաքացիներին ետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն և մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելը և տրամադրելն է: Էս օրակարգը ոչ մի պարագայում, զարգացման որևէ սցենարի դեպքում մենք չպետք ա մոռանանք: Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն: Եվ էս օրակարգը չպետք ա կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»:
Շահառուների ընդգրկման առումով ամենալայն գործիքակազմը ունի առաջին միջոցառումը։ Այն ենթադրում է մինչև 500 մլն դրամի աջակցություն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար` անկախ գործունեության ոլորտից։ Նախապայմանը լավ վարկային պատմությունն է: Բացառություն են միայն ֆինասնական կազմակերպությունները և վարչապետի վերջին խմբագրմամբ` նաև խաղատները:
«Այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե, առաջին, կազմակերպությունը այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատակցի համար 500 հազար դրամ: Երկրորդ, այս միջոցներն օգտագործում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները սպասարկելու կամ կատարելու համար: Երրորդ, եթե այս միջոցներն օգտագործելու է այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում իր արտադրությունը սպասարկելու նպատակով: Հաջորդը, եթե այնպիսի սարքավորումներ է ներկրում, որոնք պետք է օգտագործվեն իր արտադրական նպատակներով, եթե վճարում է կոմունալ ծառայություններ: Ըստ էության, մենք առևտրային գործունեության համար մեկ ոլորտ ենք թույլ տվել, որ օգտվի այս աջակցության եղանակից. եթե սննդամթերք է ներկրվում այդ կազմակերպության կողմից, որը դիմել է վարկով աջակցելու համար», - մանրամասնեց Էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսով կառավարությունը անուղղակիորեն աջակցում է նաև բանկային և ֆինանսական համակարգին․ - «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել»։
Երկրորդ ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց։ Զրոյացվում են մինչև այս գործող բոլոր ծրագրերի տոկոսները, կտրամադրվեն մինչև մեկ միլիոն դրամի հասնող վարկեր՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Մի շարք արտոնություններ են նախատեսված գյուղատնտեսական կոոպերատիվների համար։ Վարչապետը շեշտեց, որ պետք է գյուղացիներին մանրամասն իրազեկել ծրագրի մասին։
Միջոցառումների երկրորդ ծրագիրն ուղղված է փոքր բիզնեսին, նրանց, որոնք 2019 թվականի ընթացքում ունեցել են 24-500 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Այս ծրագրի տրամաբանությունն այն է, որ կազմակերպությունների ընտրությունը կատարում է ոչ թե բանկային համակարգը, այլ կառավարությունը՝ հիմնվելով նախորդ տարի կատարած վարկային ու հարկային պարտավորությունների կատարման ժամկետների վրա։
Վարկավորման առաջին երկու տարին կլինի 0 տոկոս տոկոսադրույքով, երրորդ տարում կգործի 12 տոկոս տոկոսադրույքը։ Վարկը տրվում է 2,4 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամի չափով։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան․ - «Վարկային միջոցները կարող են օգտագործվել, եթե վճարում են աշխատակիցներին աշխատավարձեր երեք ամիսների համար՝ յուրաքանչյուր աշխատակցին 300 հազար դրամի սահմաններում, եթե վճարվում են պետական հարկեր կամ տուրքեր, եթե ներմուծվում է այնպիսի հումք, որը անհրաժեշտ է իրենց արտադրությունը սպասարկելու համար։ Դրանք նաև հանրային ծառայություններն են, էլեկտրաէներգիայի, ջրի և գազի դիմաց վճարումները և վարձակալության վճարները»։
Միջոցառումների մյուս ծրագիրը այն քաղաքացիների համար է, ովքեր աշխատանքից ազատվել են 202 թվականի մարտի 12-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում և ունեն մինչև 14 տարեկան երեխա։ Աջակցությունը միանվագ նպաստի տեսքով է, հարյուր հազար դրամի չափով։
Վարչապետը հանձնարարեց, որ ծրագիրը սկսի աշխատել մինչև մյուս չորեքշաբթի:
Աջակցության հինգերորդ գործիքը 2-50 աշխատակից ունեցող այն ընկերությունների համար է, որոնք այս օրերին պահպանել են իրենց աշխատատեղերն ու վճարել աշխատավարձերը։ Այս ընկերությունները կարող են կառավարությունից միանվագ դրամաշնորհներ ստանալ, որոնց չափը կհաշվարկվի հատուկ բանաձևով։
Ի դեպ, նույն ընկերությունը կարող է օգտվել և՛ առաջին, և՛ վերջին փաթեթից։
Առաջիկայում կառավարությունը այլ փաթեթներ ևս կներկայացնի։