Կառավարությունը փորձելու է մեղմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքերը: Այդ նպատակով բիզնեսին աջակցելու համար գործադիրը 25 միլիարդ դրամ կտրամադրի, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կպատրաստվի, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության։ Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 80 միլիարդ դրամ էլ տնտեսության վերականգնմանը կուղղվի։
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս», - ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է՝ բիզնեսի աջակցման փաթեթը գործարարներին հնարավորություն կտա այս իրավիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե օպտիմալացման. - «Կարծում եմ, կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա ուղղակի բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակ, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժույթային ռիսկ»։
Վարկերը կտրամադրվեն իրավիճակի պատճառով տնտեսական խնդիրների առաջ կանգնած բիզնեսներին։ Վարչապետը բացատրում է՝ ֆինանսավորման 50 տոկոսը առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, 50 տոկոսն էլ կառավարությունն է տրամադրելու։ Վարկային տոկոսադրույքները ևս գործադիրը կսուբսիդավորի։ Ըստ Փաշինյանի՝ ֆինանսավորում կտրվի նաև հումքի գնման ու ներկրման, սարքավորումներ ձեռքբերելու համար, բայց պահանջով՝ ներկրված հումքից պատրաստված արտադրանքը պետք է տեղական շուկայի համար նախատեսված լինի, իսկ սարքավորումներն էլ տեղական արտադրությունն ընդլայնելու համար պետք է օգտագործվեն։ Տնտեսվարողները վարկ կարող են ստանալ նաև աշխատավարձեր, հարկեր ու կոմունալներ վճարելու համար։
«Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում այն դեպքում, երբ գնված կամ ներգործված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում, պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե ներմուծվող ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում: Երեկ եթերում ասացի, որ գյուղատնտեսական վարկերը զրոյական տոկոսով անեն, իրականում ավելի քիչ է ստացվում», - նշեց վարչապետը:
Վարկը կտրամադրվի 24 ամսով, առավելագույն չափը` 500 միլիոն դրամ: Փաշինյանը նշում է, որ կառավարությունը հարկային արձակուրդը վատ գաղափար է համարում, դրա համար է հենց համաֆինանսավորման տարբերակն ընտրել. - «Ճգնաժամը չենք կարող շրջանցել և արհամարհել, դրա համար էլ կառավարությունն այսպիսի միջոցներ է ներդնում, այսինքն` քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը»:
Հետո էլ արդեն ասուլիսի ընթացքում Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը մանրամասնեց գործադրի այդ որոշման հիմքերը. - «Կառավարությունում քննարկումների արդյունքում մենք, ելնելով թե՛ տնտեսության առանձնահատկություններից, թե՛ հարկ վճարելու մշակույթի ձևավորման առումով մեր պատմական իրողություններից և այսօրվա արձանագրված դեռևս ոչ այնքան գոհացուցիչ մակարդակից, որոշեցինք, որպեսզի չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, որոնք բավականին բարձրացել են»:
Անանյանի խոսքով՝ գործարար դաշտի համար նախատեսվող աջակցման փաթեթը 2 օրվա ընթացքում արդեն պատրաստ կլինի կառավարության հավանությունը ստանալու համար. - «Շատ մոտ ապագայում` 1-2 օրվա ընթացքում, կառաջարկենք այդ պրոդուկտը մեր հանրությանը»:
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մարտի երկրորդ տասնօրյակից հարկային եկամուտների աճը դանդաղել է, չնայած դրան կանխատեսվում է՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կարձանագրվի։