Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հրատապ սոցիալական միջոցառումներ են պահանջում կառավարությունից


Ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով, կառավարությունը հրատապ միջոցներ պետք է ձեռնարկի օրավարձով ապրողներին օրեցօր անելանելի դարձող դրությունից փրկելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ եթե առողջապահության ոլորտում արվում է հնարավորը վարակի տարածում թույլ չտալու համար, ապա նույնպիսի օպերատիվություն չկա տնտեսական խնդիրների լուծման հարցում:

Մարուքյանն ասաց, թե հույս ուներ սոցիալական լարված վիճակի վերաբերյալ ուղերձներ լսել վարչապետի երեկվա ելույթում, սակայն շատ հարցեր անպատասխան մնացին. – «Հիմա ասում ենք տնից դուրս մի եկեք: Ասում են` բա ո՞նց ապրենք: Մարդիկ կան կաթնամթերք են արտադրում Երևանի շրջակա համայնքներում, որ բերեն Երևան, տնետուն վաճառեն: Ասում ենք` մի եկեք: Էդ մարդն էլ ասում ա` բա ես էդ օրվա փողով էի ապրում, բա ի՞նչ անեմ: Մյուսը ինչ-որ շինարարությունում բանվոր ա, որ էլի թույլ չենք տալիս: Այսինքն նման իրավիճակ կա, և այս իրավիճակին պետք է շատ արագ արձագանքել: Չկա արձագանք, զրո արձագանք»:

Էդմոն Մարուքյանը գիտի, թե որտեղից կարելի է գումար վերցնել. – «Ասվել է չէ, որ պետք է ժողովրդին վերադարձնել փողերը... էսպիսի կոչեր էին միշտ անում: Հիմա 370 միլիարդ դրամ մեր փողերը կուտակված, էնտեղ դրված ա, էդ փողերից պիտի օգնեք, ուրիշ տարբերակ չունեք: Մենք հո հեծանիվ չենք հորինում: Ամբողջ աշխարհն է այս ճանապարհով գնում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս բարձրացնում է օրավարձով աշխատողների հարցը: Այս ԲՀԿ խմբակցությունը նաև քննարկում էր կազմակերպել այս խնդրի շուրջ` կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցությունը կոչ է անում ամենամսյա նվազագույն գումարով ապահովել իրենց եկամտից անակնկալ զրկված մարդկանց, նաև ներել երեք ամսվա վարկային պարտավորությունները` այս հարցի լուծումը չթողնելով բանկերի հայեցողությանը:

«Մարդկանց գոնե ամսական գումարը տրամադրեն: 70 հազար դրամ: Օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստ ստացողին, վարորդներին, տաքսիստներին: Մենք ուրիշ բան չենք առաջարկում. որ մարդիկ կարողանան գոյատևել, ավելի վատ պրոցեսներ չառաջանան: Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի սառեցում-ներում` երեք ամիս», - ասաց Ծառուկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին` հայտարարելով, որ կառավարությունն այժմ մշակում է առանց եկամուտների մնացած աշխատողներին օգնելու ծրագիր: Սակայն այստեղ էլ խնդիր կա: Նրանք, ովքեր ժամանակին չեն գրանցվել որպես աշխատող, հարկ չեն վճարել, չեն հայտնվել նաև պետության տեսադաշտում, ուստի այդ մարդկանց գտնելու խնդիր կա. – «Այն քաղաքացիները, որոնք ստվերում են եղել, էն ժամանակներում, երբ որ լավ էր ամեն ինչ, իրանք ասել են` մենք թքած ունենք էդ օրենքի վրա, կառավարության կոչերի վրա, կարգավորումների վրա, իրանք հիմա նույնականացման պրոբլեմն ունենալու են: Բայց մենք համարում ենք, որ իրանք մեր քաղաքացիներն են, և մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր»:

Ինչ վերաբերում է վարկային պարտավորությունները երեք ամսով սառեցնելուն, ապա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ արձագանքեց` նշելով, որ կառավարությունը նախատեսում է աջակցություն բոլոր նրանց, ում այդ աջակցությունն անհրաժեշտ է: Իսկ իրենք եկամուտները սովորական ռեժիմով ստացող մարդկանց վարկային արձակուրդ չեն կարող տալ. – «Էդ շատ հեշտ ա, էկեք ազատենք: Հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք... էդ լո՞ւրջ եք ասում: Հո տենց ասելով չի, կներեք: Բայց էդ խոսքի արժեքին էլ պետք ա չէ՞ հետևել... Օրենսդրական նախաձեռնություն արեք` Հայաստանի բոլոր քաղաքացիներին տաս հազար դոլար բաժանել, այդ թվում` ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG