Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի 329 դեպք է գրանցվել, հիվանդներից 28-ը բուժվել են, մեկը` մահացել: Այս պահին բուժում է ստանում 300 հոգի, վերջին տվյալները ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նաև ափսոսանք հայտնելով երեկ կորոնավիրուսի հետևանքով առաջին մահվան դեպքի կապակցությամբ ու ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին:
«Նաև այդ դեպքն էլ ցույց տվեց մեզ, որ հիմնականում բարդություններն առաջանում են հենց մեր տարեց և խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ, և շատ կարևոր է հատկապես նրանց պաշտպանությունը վարակի տարածումից», - նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, ապա այս պահին միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր. - «Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի, ում վիճակը շարունակում է մնալ այդպիսին, չկա ո՛չ վատթարացում, ո՛չ լավացում: Ունենք մեկ ծանր քաղաքացի, և մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, ինչպես նաև ունենք բազմաթիվ պացիենտների մեծ մասը ասիմպտոմ»:
Առողջապահության նախարարը նաև հաստատեց երկու ամսական երեխայի և նրա մոր վարակման դեպքը: Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հերքել էր դեպքի մասին տեղեկությունը. - «Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա, և կրկնում եմ` երեկ, երբ լրագրողներն ինձ հարց էին տալիս, ինձ պարզապես դեռ չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին: Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է 2 օր ջերմել, և մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»:
Ներկայումս կորոնավիրուսով վարակված 300 քաղաքացիներից 5-ը զինծառայողներ են: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը (ՊՆ): Երեկ հայտնի էր դարձել երեք դեպքի մասին, ինչից հետո նմուշ էր վերցվել 37 զինծառայողից, և ևս երկուսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Նրանցից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս 4 զինծառայողները հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չունեն։ Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացած հատուկ առանձնացված տարածքում:
Այսօր ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հատուկ պաշտպանիչ հագուստով այցելել է մեկուսացածներին:
«Ուղղակի կանխարգելիչ միջոցառումներ են վիրուսի տարածմանը չնպաստելու համար, նորմալ, այստեղ գտնվելը դեռ ոչ մի բան չի նշանակում: Մենք ցանկացած պահի պատրաստ ենք մեր առջև դրված խնդիրները կատարելու», - ասում են զինվորները:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մտցվող սահմանափակումներին, ապա արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվել են ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ խոսել էր սպասվող սահմանափակումների մասին:
«Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները», - նշեց նա:
Ավիափոխադրումների ոլորտում այս պահին գործում է 4 ռուսական և 1 բելառուսական ընկերություն. - «Ուղևորահոսքի մասով ասեմ` բավականին ընկել է: Ավիացիայի ոլորտում եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6 հազար ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800 ուղևոր է մնացել»:
Երկաթուղին աշխատում է, բացի Երևան-Գյումրի արագընթաց գնացքից. - «Այսօրվանից սկսած արագընթաց գնացքի աշխատանքը Երևան-Գյումրի, որը քանի որ ուղևորահոսք ընդհանրապես չկա, դադարեցվում է»: