Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Վարակիրների որոշ հատվածին` «թեթև դեպքերին», կփորձենք տեղավորել հյուրանոցներում


Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուսը ՀՀ քաղաքացի է, 2-ն էլ տարիքային բարձր խմբում են` 75-ից բարձր տարիք ունեն և գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել, այսինքն` նրանք չեն հիվանդացել, այսօր էլ սպասվում են առողջացման և ապամեկուսացման նոր դեպքեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` այսօր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր կա. կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում, զուտ գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ: Այս իսկ պատճառով, ինչպես նշեց վարչապետը, առողջապահության նախարարի ու արտակարգ դրության պարետի հետ միասին որոշել են նրանց` «թեթև դեպքերին» տեղավորել հյուրանոցներում:

«Փորձելու ենք աշխատել հյուրանոցների հետ, որ նրանց տեղավորեն հյուրանոցներում` ապահովելով սնունդ ու մյուս կարիքները», - նկատեց նա:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այսօր առավոտյան հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի ևս 25 դեպք է հաստատվել, դեպքերի թիվը հասել է 290-ի:

18 անձ ապաքինվել է, իսկ թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ:

Երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 36 պացիենտ ունի թոքաբորբ, նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նախարարը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 պացիենտները միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

XS
SM
MD
LG