Մատչելիության հղումներ

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե որն է լինելու կորոնավիրուսի հաղթահարման գինը


Իտալիան և Իսպանիան շարունակում են մնալ կորոնավիրուսի համաճարակի գլխավոր կենտրոնները:

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7500-ի

Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 7500-ի:

Դա կրկնապատիկ ավելին է, քան համաճարակի ծագման օջախ Չինաստանում, որտեղ իշխանությունները հաղորդում են հիվանդության դեմ պայքարում արձանագրած նորանոր հաջողությունների մասին:

Պաշտոնական Պեկինի տեղեկություններով՝ արդեն երկրորդ օրն է, ինչ երկրի ներսում կորոնավիրուսի միմյանց փոխանցման որևէ դեպք չի արձանագրվել, բոլոր հատատված դեպքերը հայտնաբերվել են արտերկրից Չինաստան ժամանածների մոտ:

Իսպանիայում վարակակիրների թիվը մոտենում է 50 հազարի

Կորոնավիրուսի տարածման դինամիկան խիստ մտահոգիչ է Իսպանիայում, որտեղ մահացածների թիվը ևս գերազանցել է Չինաստանի ցուցանիշը: Վերջին տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով Իսպանիայում արդեն ավելի քան 3600 մարդ է մահացել, վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է 50 հազարի:

Հասկանալու համար Իսպանիայում կորոնավիրուսի տարածման ծավալները նշենք միայն, որ մեկ օրում այստեղ ավելի քան 700 մարդ է մահացել:

Ֆրանսիայում իրավիճակը լարված է, Իրանում վիրուսի տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են

Հարևան Ֆրանսիայում համաճարակաբանական իրավիճակը ևս բավական լարված է`մեկ օրում շուրջ 200 մահ, մահացությունների ընդհանուր թիվը` ավելի քան 1300:

Իրանում համաճարակի տարածման տեմպերը փոքր-ինչ նվազել են, բայց և այնպես այսօրվանից իշխանությունները արգելել են բոլոր տեսակի տեղաշարժերը երկրի ներսում:

Թեհրանում լուրջ մտավախություններ ունեն, որ Իրանում կարող է սկիզբ առնել համաճարակի երկրորդ ալիքը:

«Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում այս պահին կորոնավիրուսի 470 հազար դեպք է արձանագրվել, ավելի քան 21 հազար մարդ մահացել է», - հաղորդում է Reuters գործակալությունը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե որն է լինելու կորոնավիրուսի հաղթահարման գինը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ մարդկությունն ի վերջո կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը, այլ հարց է, թե երբ և ինչ գնով:

«Մենք նախկինում բազմաթիվ համաճարակներ և ճգնաժամեր ենք հաղթահարել, կհաղթահարենք նաև այս մեկը: Այլ հարց է, թե որքան մեծ է լինելու դրա գինը: Մենք արդեն իսկ 16 հազար մարդու կորուստ ենք արձանագրել և հասկանում ենք, որ այդ ցուցանիշն աճելու է: Թե որքան կկազմի այդ կորուստը, կախված է մեր իսկ կայացրած որոշումներից և ձեռնարկած քայլերից», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այս օրերին ողջ աշխարհում ուժի մեջ մտած սահմանափակումների նպատակը ոչ թե համաճարակի առողջապահական, այլ զուտ կազմակերպական հաղթահարումն է:

«Հրահանգելով մարդկանց մնալ տանը և արգելելով ազգաբնակչության տեղաշարժը` մենք ժամանակ ենք շահում՝ թուլացնելով առողջապահական համակարգերի վրա առկա ճնշումը: Այդ միջոցները ինքնին, սակայն, չեն կարող մարել համաճարակները», - նշել է Թեդրոս Գեբրեյեսուսը:

Երեկ Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաև ցավով արձանագրել է, որ կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված համաշխարհային ջանքերը զգալիորեն ուշացել են:

«Գործողությունների պետք էր դիմել մեկ, անգամ երկու ամիս առաջ: Մենք ասում էինք դա: Կարծում եմ, սակայն, որ այժմ համաճարակի հաղթահարման հնարավորություն առկա է: Մենք բաց թողեցինք հնարավորությունների առաջին պատուհանը: Այժմ մեզ երկրորդ հնարավորությունն է տրված, և մենք չպետք է այն մսխենք», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտենում է 70 հազարի

Օվկիանոսից այն կողմ` Միացյալ Նահանգներում, կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր ճակատը Նյու Յորքն է: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ այս պահին Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքում գրեթե 18 հազար վարակակիր կա, համաճարակի հետևանքով մոտ 200 մարդ մահացել է:

Ողջ ԱՄՆ տարածքում վարակակիրների թիվը մոտենում է 70 հազարի, մահացությունների ցուցանիշը գերազանում է հազարը: ԱՄՆ-ում հույս ունեն, որ անցած գիշեր Սենատի կողմից հաստատված հակաճգնաժամային փաթեթը թույլ կտա արդյունավետորեն դիմակայել կորոնավիրուսի տարածմանը:

Ավելի քան 2 տրիլիոն դոլար կազմող այդ փաթեթի մի զգալի մասն ուղղվելու է առողջապահական համակարգի կարիքները հոգալուն` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանն ուղղված հետազոտությունների ֆինանսավորումից մինչ հիվանդանոցներին անհրաժեշտ պարագաներ և սարքավորումների, այդ թվում՝ արհեստական շնչառության սարքերի մատակարարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG