Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի, բուժվածների թիվն ավելացել է 10-ով՝ հասնելով 28-ի, փաստացի բուժում են ստանում 300-ը: Մինչ այս պահը գրանցվել է մահվան 1 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը նաև հաստատեց երկու ամսական երեխայի և նրա մոր վարակման դեպքը՝ նշելով՝ երկուսն էլ այս պահին սիմպտոմներ չունեն:
«Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է՝ նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու, թեպետ որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա», - ասաց նա:
Անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքին՝ Թորոսյանը կոչ արեց հատուկ ուշադրություն դարձնել քրոնիկ հիվանդություն ունեցող և տարեց անձանց:
Նախարարը հայտնեց, որ երեկ 40 անձ դուրս է գրվել մուկուսացումից:
Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:
Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ: