Կորոնավիրուսով վարակված 72-ամյա Հայաստանի քաղաքացին մահացել է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը», - գրել է նա։
Նիկողոսյանը նշել է, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի: 36 պացիենտ ունի թոքաբորբ, 18-ը ապաքինվել է:
Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:
Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ: