Կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
ՊՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:
«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ: Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են», - գրել է Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ խոսնակը հայտնում է՝ անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։
«ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը», - գրել է նա:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 265 դեպք, առողջացել է 18 մարդ: