Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 290-ի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկն ԱՄՆ քաղաքացի է


Դատարկ փողոց Երևանում
Դատարկ փողոց Երևանում

Հայաստանում կորոնավիրուսի ևս 25 դեպք է հաստատվել, դեպքերի թիվը հասավ 290-ի: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

18 անձ ապաքինվել է, իսկ թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ:

Երեկ երեկոյան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 36 պացիենտ ունի թոքաբորբ, նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Նախարարը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 պացիենտները միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2 պացիենտներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ԱՄՆ քաղաքացի է, մյուսը ՀՀ քաղաքացի է, 2-ն էլ տարիքային բարձր խմբում են` 75-ից բարձր տարիք ունեն և գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա հավելեց, որ մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմից դուրս է եկել, այսինքն` նրանք չեն հիվանդացել, այսօր էլ սպասվում են առողջացման և ապամեկուսացման նոր դեպքեր:

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

XS
SM
MD
LG