Մատչելիության հղումներ

Անկարան զգուշացնում է՝ Իդլիբում ռազմական գործողությունների մեկնարկը ժամանակի հարց է


Սիրիա-թուրք զինվորականները Իդլիբ նահանգում, 14-ը փետրվարի, 2020թ.
Սիրիա-թուրք զինվորականները Իդլիբ նահանգում, 14-ը փետրվարի, 2020թ.

Անկարան վերջին զգուշացումն է անում Դամասկոսին՝ Իդլիբում ռազմական գործողությունների մեկնարկը ժամանակի հարց է: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ընդգծելով, որ մտադիր չեն հրաժարվել սիրիական այդ նահանգից, ավելին, կոչ է անում սիրիական իշխանություններին դուրս բերել զորքը:

«Բաշար Ասադի ռեժիմը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները և հեռանա ապառազմականացված գոտուց», - հայտարարել է Էրդողանը՝ հակառակ դեպքում սպառնացել ռազմական գործողություններով ստիպել դա անել:

Թուրքիայից հերթական սպառնալից հայտարարությունները հնչում են Իդլիբի հարցով թուրք-ռուսական մեկը մյուսին հաջորդած բանակցությունների տապալումից հետո:

Տարբեր ճամբարներում հայտնված բարեկամներին չի հաջողվում համաձայնության հասնել Իդլիբի շուրջ, երկու կողմն էլ փորձում է իրականացնել սիրիական զինված ընդդիմության ձեռքում մնացած վերջին տարածքը մաքրելու սեփական պլանը. Մոսկվան՝ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ասադին, Անկարան՝ Ասադին ընդդիմացող զինված խմբավորումներին:

Տևական ժամանակ, այդուհանդերձ, Թուրքիային և Ռուսաստանին հաջողվում էր փոխհամաձայնեցված քաղաքականություն վարել: Շահերը, սակայն, հատվեցին Թուրքիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Իդլիբում, որտեղ 2018-ին Մոսկվան և Անկարան համաձայնել էին հրադադար հաստատել ու անվտանգության գոտի ստեղծել:

Շաբաթներ առաջ Ասադի զորքերը՝ ռուսական օդուժի առաջնորդությամբ, սկսեցին հրթիռակոծել ու առաջ գնալ՝ ընդդիմության վերջին հենակետը գրավելու համար։ Որոշ հաջողությունների շնորհիվ սիրիական կառավարական բանակը արդեն վերականգնել է հսկողությունը Հալեպը մայրաքաղաք Դամասկոսին կապող մայրուղու նկատմամբ:

Սիրիական բանակի առաջխաղացման ֆոնին Անկարայից հնչող սպառնալիքներին Ռուսաստանը հիմնականում մեղմ է արձագանքում, քանի որ Սիրիայում Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են։ Մեկնաբանները նշում են, որ գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպես է ցամաքի վրա թուրքական զորքը փորձելու պատժել Ասադի բանակին, որին վերևից Մոսկվան, ցամաքի վրա էլ՝ Թեհրանն է աջակցում: Ընդ որում՝ Ռուսաստանը լիովին թագավորում է սիրիական օդային տարածքը շնորհիվ S400-ների, որն այնքան էր Էրդողանի վարչակազմին հրապուրել և տպավորել, որ ի հեճուկս ՆԱՏՕ-ի սպառազինության հետ անհամատեղելիության, գնել էր Ռուսաստանից:

Այսօր արձագանքելով Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին և մեղադրանքներին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասադի զորքը ընդամենը պատասխանում է զինված ընդդիմության հարձակումներին, որոնք ուղղված են այդ թվում ռուսական ռազմական օբյեկտներին։ Պեսկովի խոսքով՝ Թուրքիայի կողմից Իդլիբում ռազմական գործողություն սկսելը կլինի իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն այսօր նաև հայտարարել է, որ կշարունակեն շփումները Թուրքիայի հետ Իդլիբում իրավիճակի սրումը կանխելու համար:

Թուրք-ռուսական հերթական առճակատման թատերաբեմ դարձած Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ, այդ թվում՝ 100 հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր:

Անկարան պնդում է, որ տասնյակ հազարավոր իդլիբցիներ ապաստան են փնտրում երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտ: Թուրքիան շեշտում է, որ իր զինվորականներն Իդլիբում են ռազմական գործողությունները կանխելու նպատակով` թույլ չտալու փախստականների նոր հոսք դեպի իր սահմաններ: Այդ նպատակով 2018 թվականին Սոչիում էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու համար:

XS
SM
MD
LG