Սիրիայի կառավարական բանակի հետ ընդհարումների ընթացքում երկրի հյուսիսում` Թաֆթանազ բնակավայրի մերձակայքում թուրքական բանակի հինգ զինծառայողներ են զոհվել, ևս հինգը վիրավորվել են: Այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ վիրավոր զինվորականները ուղղաթիռով տեղափոխվել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ գավառի ռազմական հոսպիտալ:
Սիրիայի հյուսիսում լարվածության աճի ֆոնին Թուրքիան շարունակում է բանակային ստորաբաժանումներ տեղակայել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող միակ նահանգում` Իդլիբում:
Անկարան այս քայլին է դիմում՝ փորձելով հակազդել կառավարական զորքերի շարունակվող առաջխաղացմանը:
Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» տվյալներով, վերջին մեկ շաբաթում ավելի քան 1200 միավոր թուրքական զրահատեխնիկա և բեռնատար է մուտք գործել Իդլիբ: «Նույն ժամանակահատվածում Սիրիայում վերատեղակայված թուրք զինվորականների թիվը հասնում է 5 հազարի», - պնդում են կենտրոնի փորձագետները: