Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական «մեղրամիսը» կարծես մոտենում է ավարտին


Վերջին տարիներին ջերմացած հարաբերությունները փորձության են ենթարկվում սիրիական Իդլիբի պատճառով, որտեղ Անկարան ու Մոսկվան հակադիր ճամբարների են պաշտպանում:

Թուրքիան աջակցում է այստեղ կենտրոնացած ընդդիմադիրներին, Կրեմլը՝ նախագահ Ասադին, որը մի քանի շաբաթ է ակտիվ առաջխաղացմամբ փորձում է գրավել ընդդիմության վերջին բաստիոնը:

Երեկ ընդամենը մի քանի ժամում Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ բնակավայրեր էին գրավել Հալեպի հյուսիսում՝ ստիպելով ընդդիմադիրներին հեռանալ դիրքերից, որոնք զբաղեցնում էին տարիներ շարունակ: Ավելի վաղ Ասադի բանակը վերահսկողության տակ էր առել Դամասկոս - Հալեպ առանցքային նշանակության մայրուղին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանն ի պատասխան սպառնացել էր՝ եթե Ասադը զորքերը ետ չքաշի, Թուրքիան կանցնի հակահարձակման, անգամ՝ առանց Ռուսաստանի համաձայնության. - «Իդլիբում առկա ճգնաժամի հանգուցալուծումը հետևյալն է. սիրիական վարչակազմը պետք է հնարավորինս արագ դադարեցնի ագրեսիան և հետ քաշի զորքերը` տեղակայելով դրանք նախկին պայմանավորվածությունների հիման վրա նախանշված դիրքերում: Հակառակ դեպքում մենք այդ հարցը կլուծենք մինչև փետրվարի վերջ: Մենք ուրախ կլինենք, եթե հնարավոր լինի այդ հարցը լուծել մեր բարեկամների օգնությամբ: Պատրաստ ենք նաև միայնակ դիմել այդ գործողություններին»:

Տեղում շարունակվող կատաղի մարտերի պատճառով երկու ճամբարներում էլ զոհեր ու կորուստներ կան: Թուրքական բանակը երկու շաբաթվա ընթացքում առնվազն 13 զոհ է տվել, Ասադի բանակը մարդկային զոհերից բացի, նաև երկու ռազմական ուղղաթիռ է կորցրել: Օր-օրի սրվող տարաձայնությունները քննարկելու համար այսօր Անկարան հերթական պատվիրակությունն է ուղարկել Մոսկվա:

Սա բանակցությունների արդեն երկրորդ փուլն է, առաջինն ավարտվել էր անարդյունք: Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ իրականում Թուրքիան է ստեղծված իրավիճակի մեղավորը, քանի որ մինչև օրս չի իրագործել 2018-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններն ու չի կարողացել զինաթափել իր վերահսկողության տակ գտնվող զինյալներին. - «Իդլիբը շարունակում է մնալ ահաբեկչական խմբավորումների հավաքատեղին։ Ահաբեկչական այդ խմբերը շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը Թուրքիայի պատասխանատվության տակ գտնվող գոտում։ Եվ նրանց քայլերը ուղղված են ոչ միայն Սիրիայի կառավարական զորքերի, այլև Սիրիայում տեղակայված ռուսական օբյեկտների դեմ»:

Ռուսաստանի հետ բանակցություններում չհասնելով հաջողության՝ Էրդողանը անցած շաբաթ սպառնացել էր այս հարցով դիմել Միացյալ Նահանգների նախագահին: Հաղորդվում է, որ երեկ արդեն երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Դոնալդ Թրամփը պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակցին ու հորդորել Ռուսաստանին դադարեցնել արյունահեղությունը:

Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, հեռակա դիմելով Կրեմլին՝ զգուշացրել է, թե «օվկիանոսից այն կողմ պատրաստ են օգտագործել այս առիթն ու զբաղեցնել Ռուսաստանի տեղը Թուրքիայի կողքին». - «Ես զրուցել եմ ամերիկացի սենատորների հետ։ Նրանք Ռուսաստանի հետ մեր ներկայիս հարաբերությունները դիտարկում են որպես թուրք-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հնարավորություն: Բայց մենք չենք կարծում, որ դա պետք է կապել որևէ երրորդ երկրի հետ: Մենք Միացյալ Նահանգներից անկեղծ վերաբերմունք ենք ակնկալում՝ մեր դաշնակցային ոգուն համահունչ»։

Մինչ կողմերը, առայժմ ապարդյուն բանակցում են Մոսկվայում՝ փակ դռների ետևում, արևմտյան մամուլը փաստում է, որ Իդլիբում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են պաշարման մեջ: Թուրքիան փակել է իր սահմանը, Ասադի զորքերը ռուսների աջակցությամբ, շարունակում են հարձակումները:

«Գնալու տեղ չունենք, կարծես աշխարհի վերջը լինի», - Financial Times -ին ասել է տեղի ֆոտոլրագրողներից մեկը:

Օրերս էլ սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, որը պատմում է ռումբերի տակ մնացած սիրիացի մի ընտանիքի մասին: Հանրահայտ «Կյանը հիասքանչ է» ֆիլմի մոտիվներով, հայրը փորձում է մանկահասակ աղջկանից թաքցնել ճշմարտությունը՝ հավաստիացնելով, որ դրսից լսվող հրթիռակոծության ձայները իրենց խաղի մի մաս են՝ հեռավոր ու անիրական: Հերթական պայթյունից հետո չորս տարեկան աղջիկը ոգևորված ծափ է տալիս, գոռալով՝ ստացվեց, ստացվեց...

Սիրիայում 2011-ից սկսված և արդեն շուրջ տասը տարի շարունակվող ներքաղաքական պատերազմում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 400 հազարից ավելի մարդ է զոհվել, ավելի քան վեց միլիոնը դարձել են փախստական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG