Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ նախօրեին երկրի զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին: Այդ մասին երեկ ուշ երեկոյան հայտարարեց Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շտապ կարգով ժամանել էր Սիրիային սահմանակից Հաթայ գավառ` սահմանից այն կողմ ծավալված ռազմական գործողությունների ընթացքին հետևելու նպատակով:
«Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել սիրիական վարչակազմի շուրջ 54 թիրախների: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական բանակի 76 զինծառայող է չեզոքացվել», - թուրքական բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարում էր Հուլուսի Աքարը:
Իրավիճակն Իդլիբում սրվեց երկուշաբթի վաղ առավոտյան, երբ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սարաքիբ քաղաքի ուղղությամբ առաջխաղացման ընթացքում հրետակոծեցին Իդլիբի նահանգում տեղակայված թուրքական ռազմական դիտորդական հենակետերից մեկի ծառայողներին: Այդ հարվածի հետևանքով զոհվել էին հինգ թուրք զինվորականներ և թուրքական բանակի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող երեք քաղաքացիական աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ թուրքական դիտորդական կետերը ստեղծվել էին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, և թուրքական կողմը որպես կանոն ռուսաստանցիներին զգուշացնում էր իր զինվորականների տեղաշարժի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ վերջին միջադեպից առաջ ևս ռուսաստանցիները նախազգուշացված են եղել:
«Իդլիբում ծառայող մեր գործընկերները Սիրիայում գործող ռուսական ստորաբաժանման հրամանատարությանը սպասվող տեղաշարժերի մասին տեղեկացրել են դրանից մեկ օր առաջ, այն էլ երկու անգամ` կիրակի ցերեկը՝ ժամը 4-ին, և նույն օրը` երեկոյան ժամը 10:30», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը, սակայն, կտրականապես հերքում է Անկարայից հնչող այս պնդումները` նշելով, որ Իդլիբում գտնվող թուրքական ստորաբաժանումների տեղաշարժի մասին ռուս զինվորականները որևէ պատկերացում չեն ունեցել, ուստի և չէին կարող դրա մասին զգուշացնել իրենց սիրիացի զինակիցներին:
Մինչդեռ պաշտոնական Անկարային Մոսկվայի այս արդարացումներն ակնհայտորեն չեն գոհացնում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հնչեցրած ելույթում նշում էր, որ Սիրիայում իրադրության կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական համատեղ ջանքերը վերջին իրադարձությունների պատճառով զգալիորեն տուժել են:
«Թեև Աստանայի և Սոչիի գործընթացները դեռ ուժը կորցրած չեն ճանաչվել, բայցևայնպես դրանց լուրջ վնաս է հասցվել: Բացի այդ, Մոսկվայից հնչող արդարացումները, թե իբր իրենք ի վիճակի չեն ամբողջությամբ վերահսկել Բաշար Ասադի վարչակազմը, այնքան էլ տեղին չեն», - հայտարարում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: