Մատչելիության հղումներ

Իոաննիսյանը հուսով է, որ Սահմանադրության բովանդակային փոփոխությունները շարունակում են արդիական մնալ   


Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ սահմանադրական փոփոխությունները նախատեսված են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, ուստի գործընթացից որևէ շեղում չկա։

Սա ըստ էության նշանակում է, որ եթե Ազգային ժողովի երեկվա որոշումից հետո նախագահը հանրաքվե նշանակելու հրամանագիր ստորագրի, կստացվի, որ անցկացվելու է երկու հանրաքվե:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածու, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, առաջիկա հանրաքվեն Սահմանադրական դատարանի դատավորների մեծ մասին պաշտոնից հեռացնելու մասին է, մինչդեռ հանձնաժողովը ավելի խորքային բարեփոխումներ պետք է առաջարկի․ - «Ինձ թվում է, որ մի հանրաքվե կունենանք երկու ամսից, հաջորդ հանրաքվեն, մի քիչ կդժվարամ ժամկետ ասել, բայց մոտավորապես մի տարուց»։

«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանն ասում է, որ իրոք բարեփոխումների հարցում իշխանությունների դանդաղկոտությունը թանկ է նստում հանրության և պետական բյուջեի վրա։ Բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է երկրորդ պլան մղել միայն նրա համար, որ ՍԴ դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը ԱԺ-ում ընդունված հանրաքվեի մասին որոշմամբ կարող է լուծվել. - «Ինձ համար շատ մեծ հիասթափություն լինի, եթե պարզվի, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը զուտ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության համար էր։ Երբ որ ես Իրազեկ քաղաքացիների միավորումից գործուղվում է այդ հանձնաժողով, օրակարգում բացարձակապես որևիցե մարմնի կազմի փոփոխության հարց չկար։ Սահմանադրության բովանդակային փոփոխությունների վրա ենք մենք մտադիր աշխատել, և ես հուսով եմ, որ դա շարունակում է նույնքան արդիական մնալ»։

Հանձնաժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանն ասում է, որ տարակուսանքի մեջ են, ԱԺ նախաձեռնած առաջիկա հանրաքվեով դատական համակարգը չի բարելավվում: Իսկ այն տեսլականը, որն ուներ իրենց թիմը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում թեկնածու առաջադրելիս, հնարավոր է իրականացնել միայն հանրաքվեով. - «Եթե մեր իշխանական գործընկերների տրամաբանույամբ գնանք, կարող է երկուսը չէ, տասներկուսը ունենանք։ Որովհետև նրանք եթե էս պրակտիկան շարունակեն, ամեն հոդվածի համար պետք է փաստորեն հանրաքվե անեն, որը անընդունելի է։ Մեզ համար առաջնային խնդիրը երկուսն էր. մեկը խորհրդարանական կառավարման ձևն արդյունավետ դարձնելը և գերվարչապետական համակարգից հրաժարվել է, և երկրորդը՝ դատական իշխանության և արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը։ Մենք չենք կարող էդ փոքրիկ խնդիրը լուծելով բավարարվել, ասել, թե 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները շատ լավն են, մենք էլ վայելենք այն ժառանգությունը, ինչ որ թողել է Սերժ Սարգսյանը»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովի առաջարկած փոփոխությունները դրվելու են հանրաքվեի, և հույս էր հայտնել, որ դա հնարավոր կլինի անցկացնել մինչև տարեվերջ:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը որևէ խնդիր չի տեսնում մեկ տարում երկու հանրաքե անցկացնելու մեջ՝ դա դիտարկելով որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում. - «Ես չեմ բացառում, որ մենք ամեն տարի կարող ենք 2-3 հանրաքվե ունենանք՝ եթե լինի դրա անհրաժեշտությունը, եթե լինեն այդպիսի հարցեր։ Դա ամենալավ բանն է, որը կարող է լինել»։

Վարչապետի դեկտեմբերի 30 ֊ի որոշմամբ ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը ևս պետք է հաստատի վարչապետը, ինչը դեռևս չի արվել:

Արդարադատության նախարարությունը արդեն հրապարակել հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչների և 6 իրավաբան գիտնականների թեկնածուների ցանկը:

Իրավաբան գիտնականներից Արսեն Թավադյանը ասում է, որ հանրաքվեի դրվելու է շատ մասնավոր հարց, և դա չպետք է իրենց շեղի սահմանդրական բարեփոխումների օրակաարգից. - «Սահմանադրության այն խմբագրությունը, որը որ կա, ինքը շատ հաճախ դուրս է այն փաստացի իրավիճակից, որում մենք հիմա ապրում ենք։ Եվ երկրորդը, Սահմանադրությունը ուղղված չէ այն խնդիրների լուծմանը, որոնք, ըստ իս, անհրաժեշտ են մեր երկրի կայացման համար»։

Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից։ Ի պաշտոնե ընդգրկվելու են Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև Դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի։ Կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG