ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրությանը և դրան առնչվող փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից: Այս մասին նշված է ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելի և Կիմմո Կիլյունեի հայտարարության մեջ:
Նրանք նշում են, որ Հայաստանի իշխանությունները որոշել են այսօր արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնք կհանեն օրենսդրական նախաձեռնությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ստուգելու համար ՍԴ դիմելու պահանջը:
«Մի շարք այլ հարցերի կողքին, սա կփոխի նաև Սահմանադրության փոփոխության գործընթացը: Բացի այդ, ներկայացվել է Սահմանադրության փոփոխությունը, որի նպատակը, կարծես թե, ՍԴ մի քանի անդամների պաշտոնավարումն անմիջապես դադարեցնելն է»,- հայտարարել են համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն, ապա շարունակել.
«Այս երկու հարցերը կարևոր են, և առաջարկվող փոխոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով ծագած հարցերը՝ մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից:
Մենք համարում ենք՝ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում»:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի արտահերթ նիստին հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի ևս 6 անդամների պաշտոնավարման դադարեցման հարցը իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է դնել հանրաքվեի: