Մատչելիության հղումներ

Իշխանությունն ուշացրել է ՍԴ-ի շուրջ ճգնաժամի լուծման գործընթացը, ասում է իրավապաշտպանը


Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը փետրվարի, 2020թ.
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը փետրվարի, 2020թ.

Իշխանություններն ուշացրել են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման գործընթացը, համոզված է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրա կարծիքով՝ մինչ խնդրի լուծման նոր տարբերակին անցնելը իշխող ուժը նախ պետք է քաղաքական գնահատական տար բարձրագույն դատարանի՝ հեղափոխությունից առաջ իրականացրած գործունեությանը։

«Երբ այն իրավաբանները, ովքեր որ խնդիր են տեսնում ու հղում են անում այս գործով Սահմանադրությանը, ես ուղղակի իրենց ուզում եմ հիշեցնել, որ այս Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի եղել, սա ժողովրդի վզին փաթաթված և մեկ անձի, մեկ իշխանության, մեկ կուսակցության անընդհատ վերարտադրման համար է ստեղծվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Երեկ Ազգային ժողովում ձայների 88 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ ընդունված որոշմամբ իշխող «Իմ քայլն» առաջարկում է հանրաքվեի դնել մինչ 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարման հարցը, բացառությամբ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի՝ երկու դատավորներն ընտրվել են գործող Սահմանադրության՝ ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։

«Հեղափոխության տրամաբանության մեջ կան հարցեր, որոնք շատ ավելի կարևոր է իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության վերականգնումը, այո, նաև որոշ դեպքերում էդ տառի ու ստորակետի շրջանցելով՝ չոտնահարելով, բայց շրջանցելով։ Սա կարող է լինի որպես անցումային դրույթ՝ շատ կարճ ժամանակով խնդիրը լուծելու, մինչև որ մենք ունենանք վերջնական Սահմանադրություն, փոփոխված Սահմանադրություն», - նշեց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ կարծում է, որ իշխող խմբակցությունը սխալ ուղղությամբ է գնում։ Ըստ Սաքունցի՝ խնդիրը լուծելու համար հանրաքվեի միջոցով ոչ թե առանձին դրույթ պետք է փոխվի, այլ պետք է ամբողջ Սահմանադրությունն ուժը կորցրած ճանաչվի։

«Նոր Սահմանադրության ընդունումից հետո, որը պետք է ապահովի հստակ իշխանության տարանջատման և փոխզսպման սկզբունքը, նոր այդ Սահմանադրության համապատասխան սահմանադրական մարմիններ ձևավորվեն։ Կարող է լինի ոչ թե Սահմանադրական դատարան, այլ լինի Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միաձուլման արդյունքում ձևավորվի Գերագույն դատարան, օրինակի համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Իշխող ուժի նախաձեռնությանը երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն են անդրադարձել։ Նրանք կոչ են անում Հայաստանի իշխանություններին Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովից:



XS
SM
MD
LG