Մատչելիության հղումներ

ՍԴ ճգնաժամ․ հաղթահարման փորձերը


Ազգային ժողովը երրորդ փորձն է անում՝ լուծելու Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Նախորդ երկու փորձերը որևէ արդյունքի չեն հանգեցրել։

Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 20-ին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելիս։

Գրիգորյանի խոսքով՝ որոշումները, ըստ Սահմանադրության, ընդունում են Սահմանադրական դատարանի դատավորները, Սակայն 9 հոգանոց դատարանի կազմից դատավորի կարգավիճակ և որոշում կայացնելու լիազորություն ունեն միայն երկուսը՝ ինքը և Արման Դիլանյանը, մյուսները՝ այդ թվում և սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այդպիսի կարգավիճակ չունեն, հետևաբար չեն կարող նաև որոշում կայացնել:

Մի քանի օր անց Վահե Գրիգորյանը պետական մարմիններին ուղղված իր նամակում երեք լուծում առաջարկեց: Նրա առաջարկած այս լուծումներից Ազգային ժողովը դեռ միայն Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու տարբերակն է ընդունել օրենքի տեսքով։ Եթե մինչև փետրվարի վերջին օրը Սահմանադրական դատարանի որևէ անդամ հրաժարական ներկայացնի, ապա կշարունակի ստանալ աշխատավարձ, ապա նաև թոշակ:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր. - «Սա մեկնված ձեռք է։ Մեկնված ձեռք է բոլորին»։

Մեկնած ձեռքը սակայն մինչև օրս մնացել է օդում, հրաժարականի դիմում գրողներ չեն եղել:

Սահմանադրական դատարանի անդամներին սոցիալական երաշխիքներով վաղ կենսաթոշակ առաջարկելուց առաջ՝ անցած տարվա հոկտեմբերի սկզբին, խորհրդարանը ճգնաժամը լուծելու ևս մի փորձ արեց: Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը՝ դրա հիմքում դնելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումները: Այս որոշումը սակայն երկու շաբաթ անց Բարձր դատարանը մերժեց քննության ընդունել:

Ազգային ժողովում այս որոշման քվեարկությանը չմասնացկեց «Բարգավաճ Հայաստան»-ը՝ թույլ համարելով հիմնավորումները։

«Ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են», - ասել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Իմ քայլը» խմբակցության այս նախաձեռնությունը քննադատեց նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ազգային ժողովում փաստաթղթի քննարկման օրը Բաբաջանյանը դիմեց դատախազություն՝ պնդելով, որ Հրայր Թովմասյանը հանցավոր սխեմաներ կիրառելով յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:

Անկախ պատգամավորը պնդում է, թե ամեն ինչ արվել է, որպեսզի Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև Սահմանադրության ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015 թվականին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը, և Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվի ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 65 տարեկան դառնալը:

«Իշխանազավթումը պլանավորվել է Հանրապետական կուսակցության կողմից», - հայտարարել էր Բաբաջանյանը։

Բաբաջանյանի բողոքի հիման վրա քրեական գործ հարուցվեց, դրանով անցնում են Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Այս քրեական գործից բացի, Թովմասյանի անունը հիշատակվում է նաև նոտարական գրասենյակները չարաշահումներով սեփականաշնորհելու գործում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, սակայն, որևէ գործով Սահմանադրական դատարանի նախագահը չունի։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս վիճակին անդրադարձավ նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատկերավոր համեմատություն անելով. - «Մի հատ բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»։

Հրայր Թովմասյանը հեռակա հակադարձել էր. - «Իսկ էդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք արդյոք դուք տասնյակ դեպքերում դիմում ներկայացնում»։

Փաշինյան - Թովմասյան հեռակա այս բանավեճը ծավալվեց ու շարունակվեց նաև հետագայում՝ գագաթնակետին հասնելով վերջերս հայտնի գրիչի պատմության ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել իրեն և մերժվել:

Իսկ Հրայր Թովմասյանը խոստացավ դատի տալ Փաշինյանին զրպարտության համար:

Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանի հնարավոր հրաժարականի մասին լրագրողները իշխանությանը հարցրել են հեղափոխությունից արդեն ամիսներ անց: 2018 թվականի հուլիսի 5 ին՝ Սահմանադրության օրը, Թովմասյանի հեռացման հարց օրակարգում դեռ չկար: Սակայն մեկ տարի անց խորհրդարանի օրակարգում արդեն Հրայր Թովմասյանի լիազորություննների դադարեցման հարցն էր քննարկվում։

Իսկ Հրայր Թովմասյանի օրակարգն անփոփոխ է մինչև օրս. - «Իրենց էդ ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պիտի ուզեն՝ Հրայր Թովմասյանը աշխատի՞, թե՞ չաշխատի»։

Նիկոլ Փաշինյանը օրերս ևս մեկ անգամ հայտարարեց. - «Կհանգուցալուծվի, շուտով կհանգուցալուծվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG