Մատչելիության հղումներ

«Ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն այդքան կարևոր են ինձ համար». Հրայր Թովմասյան


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը փետրվարի 2020թ.
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 6-ը փետրվարի 2020թ.

Մինչ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և վեց դատավորի լիազորությունների դադարեցման նախագիծը, նրանք տոնում էին Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-ամյակը։

Նախագծի հասցեատերերին հանդիպեցինք աշխատանքային օրվա վերջում Սահմանադրական դատարանից հեռանալիս։ Հրայր Թովմասյանն ասաց՝ հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով։

«Ես չգիտեմ ինչ են քննարկում, չեմ հետևել, տեղեկություններ չունեմ», - ասաց Թովմասյանը։

«Ազատություն». – Դուք Ազգային ժողովի նիստերին չե՞ք հետևում։

Թովմասյան. – Չէ, այսօր ես միջոցառումներ ունեի, հիմա էլ միջոցառման ենք գնում։

Սահմանադրական դատարանի նախագահին հիշեցրինք՝ խորհրդարանում արդեն հայտարարվել է՝ նախագիծը հանրաքվեի է դրվելու և իրենց լիազորությունների հարցը որոշվելու է քաղաքացու քվեով։ Հրայր Թովմասյանն այլ հարցով է մտահոգված։

Թովմասյան. - Այսինքն ի՞նչ է լինելու, հո Կիկոսի մահը չի։

«Ազատություն». – Այսօր արդեն հայտարարել են, որ հանրաքվեի է դրվելու այս հարցը։ Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն ինչպե՞ս կքվեարկի։

Թովմասյան. – Հետևեք էլի ընթացքին, թե քիչ առաջ Եվրոպայի խորհուրդը նոր ինչ հայտարարություն է տարածել։ Ես ուղղակի անձնական մեյլիս ստացել եմ դա, բայց ոչինչ չասեմ։

«Ազատություն». – Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչ է կատարվում խորհրդարանում, չի՞ հուզում այդ հարցը։

Թովմասյան. – Անկեղծ ասած՝ ոչ։

«Ազատություն». – Ինչո՞ւ, չէ որ Ձեր լիազորությունների դադարեցմանն է վերաբերում։

Թովմասյան. – Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար։

«Ազատություն». – Իսկ այս պարագայում ինչպե՞ս եք պայքարելու, Դուք ասում էիք, որ չեք նահանջելու։

Թովմասյան. – Իմ քայլերում որտե՞ղ նահանջ տեսաք։

Խորհրդարանում քննարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը վերաբերում է Հրայր Թովմասյանին, Արևիկ Պետրոսյանին, Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին և Արայիկ Թունյանին։ Չի վերաբերում միայն Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, որոնք ընտրվել են գործող Սահմանադրությամբ։

Արևիկ Պետրոսյանն ասաց՝ կարդացել է նախագիծը, սակայն կարծիք հայտնելու իրավասություն չունի։

Պետրոսյան. - Ազգային ժողովը քաղաքական մարմին է, ինչպես և մեկ անգամ առիթ ունեցել եմ ասել, կատարում է իր քաղաքական քայլը։

«Ազատություն». – Օրինակ՝ ընդդիմադիրներն ասում են, որ դա հակասահմանադրական է։

Պետրոսյան. – Ես գնահատելու և կարծիք հայտնելու այս պահին իրավասություն չունեմ, ինչից օգտվում եմ։

«Ազատություն». – Մտահոգվա՞ծ չեք, որ Ազգային ժողովը գնալու է այս ճանապարհով։

Պետրոսյան. – Ազգային ժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում, թող Ազգային ժողովը կայացնի իր որոշումը, հաջորդիվ գործընթացները ցույց կտան՝ ինչպիսին կլինի ընթացքը։

Ազգային ժողովը քաղաքական մարմին է, իսկ դատավորը պետք է զսպվածություն ցուցաբերի, ասաց Ալվինա Գյուլումյանը, դժվարանալով կանխատեսել՝ մինչև հանրաքվեն կլինե՞ն դատավորներ, որ հրաժարական կտան, թե՞ ոչ։

Գյուլումյան. – Ես որերորդ անգամ նշեմ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա։

«Ազատություն». – Ի՞նչ եք կարծում՝ հրաժարականներ կլինե՞ն։

Գյուլումյան. – Ես ի՞նչ կարող եմ ասել, ես ուրիշների մտքի մեջ մտնեմ, թե ինչ ասեմ։

Ֆելիքս Թոխյանն էլ հրաժարվեց քաղաքական մարմնի աշխատանքները մեկնաբանել։

«Ազատություն». – Պատրաստվո՞ւմ եք վաղաժամ կենսաթոշակից օգտվել։

Թոխյան. – Ես կասեմ իմ կարծիքը շուտով։

«Ազատություն». – Իսկ խորհրդարանի գործողությունների մասին ի՞նչ կասեք։

Թոխյան. – Ես գնահատական չեմ տալիս քաղաքական մարմինների աշխատանքին։

XS
SM
MD
LG