Ազգային ժողովից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ խորհրդարանի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի երեկվա որոշումը դեռ չի ուղարկել Հանրապետության նախագահին։
ԱԺ-ի կանոնակարգի համաձայն, Արարատ Միրզոյանը երեկվա որոշումը Արմեն Սարգսյանին պետք է ուղարկի մեկ շաբաթվա ընթացքում: Նախագահն այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նշանակում է հանրաքվե: Խորհրդարանից վստահեցրեցին, որ «սահմանված ժամկետում որոշումը կուղարկվի»։
Ի տարբերություն օրենքների, հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի ընդունած որոշման դեպքում Սահմանադրությունը չի նախատեսում նախագահի ստորագրման կամ դրա համապատասխանությունը Մայր օրենքին որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգ:
Նախագահը, ստանալով Ազգային ժողովի որոշումը, երեք օրվա մեջ հանրաքվեի օր է նշանակում։ Իսկ քվեարկությունը անցկացվում է հանրաքվե նշանակվելուց ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսունհինգ օր հետո: Եթե ավելի պարզ ասենք, ապա հանրաքվեն կարող է անցկացվել ամենաշուտը մարտի վերջին օրերին, ամենաուշը՝ ապրիլի երկրորդ տասնօրյակում:
Հանրաքվեի դրված հարցը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Ընտրողների թվի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին: Հայաստանում 2 միլիոն 575 հազար 939 ընտրող կա։ Սա իհարկե մոտավոր հաշվարկ է, բայց եթե Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի վեց անդամների պաշտոնավարումը դադարեցման հարցը դրվի հանրաքվեի, հարցը ընդունված կհամարվի, եթե դրան կողմ լինի ընտրատեղամասեր գնացած մոտ 644 հազար մարդ:
Վերջին ընտրություններում այս գործընթացը նախաձեռնած «Իմ քայլը» դաշինքը, ի դեպ, ստացել էր մոտ 885 հազար ձայն:
Հիմա քարոզարշավին անդրադառնանք․ այն սկսվում է հանրաքվեի օրը նշանակվելուց մեկ շաբաթ անց, ավարտվում՝ քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Քարոզչությունը կանցկացնեն ԱՅՈ-ի ու ՈՉ-ի ճակատները:
1995-ին ընդունված Սահմանադրությունը երկու անգամ է փոփոխվել՝ 2005-ին ու 2015-ին։ Մեկ անգամ էլ՝ 2003-ին, փոփոխության փորձը տապալվեց՝ չհավաքելով օրենքով պահանջվող կողմ ձայները: 17 տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած հանրաքվեն խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացվեց:
2005-ինը մամուլը որակեց «ուրվականների հանրաքվե»: Ընդդիմությունն այս հանրաքվեն ընտրակեղծարարության առումով «ռեկորդային» համարեց՝ հայտարարելով,թե քվեարկության արդյունքն առնվազն 1 միլիոն ձայնով կեղծվել է:
10 տարի անց արդեն Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունները ևս, ընդդիմադիրների կարծիքով, լայնածավալ խախտումներով ու վարչական ռեսուրսի կիրառմամբ ընդունվեցին: Առաջարկվում էր կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականին։ Բայց ընդդիմադիրները դրա տակ այլ բան էին տեսնում՝ 10-ամյա նախագահությանը հրաժեշտ տվող Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացում կամ սուպերվարչապետական համակարգի հաստատում:
ՈՉ-ի ճակատը՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի գլխավորությամբ հայտարարեց՝ Սահմանադրական փոփոխությունները վերածելու են Սերժ Սարգսյանի անվստահություն հանրաքվեի. - «Հայ ազգային կոնգրեսը դեռ ամռանը ձևակերպեց այդ նպատակը՝ վերածել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի»։
ԱՅՈ-ի քարոզիչներն էին հանրապետականները, դաշնակցականները, մի շարք այլ՝ ոչ զանգվածային կուսակցություններ, նաև ԲՀԿ-ն, որը դեռ մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ «ՈՉ» էր ասում սահմանադրական փոփոխություններին:
Հանրապետականի քարոզչական շտաբը, ի դեպ, այն տարիներին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ղեկավարում։
Նոր տեխնոլոգիաները նաև նոր քարոզչամեթոդներ բերեցին։ Դրանցից մեկն էլ «Այո և ոչ»-ի ռիալիթի շոուն էր, որի հիմնական մասնակիցները հանրապետականներն էին: Թունդ ընդդիմախոսները չէին մասնակցում դրան։
«ԱՅՈ»-ի քարոզիչների շարքում էր նաև Սահմանադրական դատարանի այսօրվա նախագահ Հրայր Թովմասյանը։
«Որևէ կուսակցություն, ցանկացած կուսակցություն, եթե նույնիսկ ստացել է այդ մեծամասնությունը, ձևավորել է կառավարություն, նա չի ունենալու այնքան մեծ իշխանություն, ինչպես այսօր ունի որևէ իշխանություն՝ ձևավորելու նաև վերահսկողական լիազորությունները», - քարոզարշավի ընթացքում ասել էր Թովմասյանը։
Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ որակելով դա կեղծ օրակարգ:
Հայաստանի սահմանադրության բոլոր նախկին փոփոխությունները եղել են լայնածավալ, մեկ հոդվածի փոփոխություն, որի առաջարկն այս պահին անում է իշխող ուժը, երբեք չի եղել: