Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ պաշտոնական վարկածով՝ ինքնասպանությանը, ասաց՝ անսպասելի էր այս ողբերգությունը։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Գեորգի Կուտոյանի և Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանությունների մեջ կոնկրետ ձեռագիր է տեսնում, ինչպես նաև նմանություններ: «Ազատության» հարցին՝ այս երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահվան հանգամանքներում նմանություններ տեսնո՞ւմ է, հաշվի առնելով այն, որ երկուսն էլ, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան են եղել իրենց անվանական զենքով, և որ երկուսի մոտ էլ հայտնաբերվել է կոնյակի դատարկ շիշ, Թաթոյանը պատասխանեց. - «Նմանությունների, տարբերությունների առումով, ես, իհարկե, մարդկային առումով կարող եմ դատողություններ անել և իմ կարծիքը ունեմ, դիրքորոշումը, բայց որպես Մարդու իրավունքների պաշտպան ես չեմ կարող դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել, որովհետև դրանք բոլորը քննության առարկա են»։
«Պարոն Կուտոյանին ես ճանաչում եմ, իհարկե՝ ճանաչում էի, մասնագիտական ու մարդկային բարձր որակներով օժտված մարդ էր՝ պարկեշտ և բարեկիրթ։ Ինչ վերաբերում է քննության ընթացքին, քննության կողմից հիմք ընդունված վարկածներին, դրանց ես հասկանալի պատճառներով չեմ կարող անդրադառնալ՝ իրավասության առումով, նաև այն առումով, որ քննություն է ընթանում», - նշեց Հայաստանի օմբուդսմենը։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր՝ հեղափոխությունից հետո օմբուդսմենը կարողանում է աշխատել ու հանգիստ խոսել։ Թաթոյանն ասաց, որ իրենք թե՛ նախկինում և թե՛ այսօր աշխատում են ազատ ու անկախ, ունեն բարձր վստահություն, բայց ընդգծեց, որ իր աշխատանքի ամենամեծ բարդությունները եղել են 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ՝ իշխանությունների հետ հարաբերություններում. - «Իհարկե, խնդիրներ, բարդություններ եղել են, սա հստակ է, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը չի կարող առանց բարդության լինի։ Իմ աշխատանքի ամենամեծ բարդությունները եղել են 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ՝ իշխանությունների հետ հարաբերություններում, և եղել են նաև 2018 թվականի ապրիլ-մայիս իրադարձությունների ժամանակ։ Բարդություններ էին, որովհետև մենք գիշեր-ցերեկ, հավանաբար հիշում եք, որ շուրջօրյա սկզբունքով աշխատում էինք, և անընդհատ հայտարարություններ և այլն, և, բնականաբար, դա խնդիրներ էր առաջացնում մեր աշխատանքի հետ կապված։ Ճիշտ է, խոչընդոտներ ուղիղ չեն եղել, բայց կապի, այսպես, պարզաբանումների հստակության և այլն եղել են խնդիրներ, և պետք է ասեմ, որ դրանք հաղթահարվել են լիարժեք մեր կողմից՝ օրենսդրական բոլոր լծակները օգտագործելով։ Հիմա, այս ընթացքում, նաև երբ որոշակի մթնոլորտի փոփոխություն է տեղի ունեցել, միջավայրի, իշխանությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ դրական, նաև իշխանությունների, ես կարծում եմ, որոշակի փոոփոխությունը վարքագծի, նույնպես նշանակություն ունի, վերաբերմունքը կարևոր է ինձ համար»։
Անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանային միավորների համակարգին, օմբուդսմենը նշեց, որ թեև կարգը չպահպանող վարորդը սպառնալիք է բոլորի համար, և որ ավտովթարների հետևանքով մահվան դեպքերի թիվը գնալով աճում է, այդուհանդերձ, այդ համակարգի ներդրումը խնդրահարույց է։ «Մենք տեսնում ենք, որ գրեթե իրազեկման աշխատանքներն ընթանում են գործողության, ուժի մեջ մտնելու պրոցեսին զուգահեռ։ Իսկ դա խնդիր է, որովհետև, նախ, կանոնները բոլորովին նոր են, երբևէ Հայաստանում ներդրված չի եղել, երկրորդը՝ մենք լուրջ խնդիր ունենք այսօր ճանապարհային նշանների, գծանշումների հետ կապված, մենք նաև խնդիրներ ունենք արագաչափերի տեսանելիության հետ կապված, ասենք՝ գիշեր ժամանակ երթևեկում ես, հաճախ հնարավոր է նաև չտեսնել էլ, իսկ սա, այս համակարգը ինքը շատ կոշտ միջամտություն է մարդու իրավունքին։ Եվ սա նշանակում է, որ պետությունը մեծ բեռ ուներ իր վրա՝ մի հատ նախապես շատ լավ կարգավորելու, կահավորելու ամբողջությամբ, նոր ներդնելու»։
Հարցին՝ «եթե տուգանված վարորդը որոշում է դատի տալ պետությանը, ի՞նչ հեռանկար եք տեսնում», Արման Թաթոյանը պատասխանեց. - «Նախ կախված է, թե երթևեկության ինչ կանոնների... Իհարկե, հնարավոր են և շատ հնարավոր են դեպքեր, որ քաղաքացին նաև շահի այդ գործերը»։