Մատչելիության հղումներ

Պետք է գիտակցել, թե որքան վտանգավոր շրջափուլում է հիմա Հայաստանը, շեշտում է Ստյոպա Սաֆարյանը


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանությունների մեջ կոնկրետ ձեռագիր է տեսնում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ընթացքում Հրայր Թամրազյանի հետ զրույցում Սաֆարյանը շեշտեց՝ պետք է գիտակցել, թե որքան վտանգավոր շրջափուլում է հիմա Հայաստանը։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Ստյոպա Սաֆարյան. -- Տպավորություն կա, որ իսկապես վկաների հետ կապված՝ տարբեր գործերով վկաների, տարբեր գործերով առանցքային տեղեկություններ ունեցող անձանց շուրջ, էսպես, զոհի դաշտ է ձևավորվում։ Հանուն արդարության, երկու օր առաջ ինքս նկատել էի այդպիսի նշումներ, որովհետև երբ տեսնում ես, որ սոցիալական ցանցերում, էսպես, կարմիր գծով գնում է, որ «գիտե՞ք, Վանեցյանի կյանքին վտանգ է սպառնում», որ նախկին պաշտոնյաները շատ բան գիտեն, որոնք կարող են խոսել, և այլն, և այլն, չես կարող չմտահոգվել, որ նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաները անվտանգ են, չես կարող համոզմունք ունենալ, չես կարող վստահ լինել, հատկապես այն շրջանում, երբ իրավապահ մարմինների կողմից քննվում են ամենատարբեր հանցագործությունները, որոնց վերաբերյալ այդ տեղեկատվությունները հենց առանցքային դիրքեր զբաղեցրած պաշտոնյաներն են, որ պետք է ունենային՝ կլինի դա Ազգային անվտանգության ծառայության պետ, կլինի դա ոստիկանապետ, թե որևէ այլ մեկը։ Եվ այս վարկածների մեջ, իհարկե, չես կարող անտեսել որոշ ձեռագրերի նույնություն, ինչպես, օրինակ, Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի ենթադրյալ սպանության նմանություններն են՝ կարծեք թե, թող ինձ ներվի ասել, ինչ-որ միասնական, նույնական ինստրուկցիա լինի, ուրեմն՝ խմել, գինովնալ, հետո սեփական զենքից ինքնասպան լինել,ու դեռևս հարց է մնում, թե ինչպես է պատահում, որ այդ ինքնասպանության ժամանակ այլ կրակոցներն էլ են արձակվում, կամ ինչպես է պատահում, կամ ինչն է դրդում ընդհանրապես այդ պաշտոնյաներին գնալ նման քայլի, կամ ով է դրդում, եթե նույնիսկ դրանք ինքնասպանություններ են, ինչն է դրդում, ինչ գործոններ են, ինչ մոտիվներ են նրանց դրդում դիմել այդ քայլերին։

Եվ նաև մի բան կցանկանայի ասել այս գործի կապակցությամբ, որ խնդիրը նա է, որ մենք իսկապես լրջորեն, կարծում եմ, չենք գիտակցում, թե որքան վտանգավոր շրջափուլ է անցնում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության վերաբերյալ՝ ներքին չիրացված արդարադատության շատ այլ գործերի կապակցությամբ, որովհետև, տեսեք, մենք այս նույն շրջանում ունեցանք Սամվել Ուզունյանի շատ, այսպես ասած, կասկածելի փախուստը Հայաստանի Հանրապետությունից՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր, և այլն, և այլն։

Արտաքուստ, իհարկե, կարող ենք մենք այս պահին որևէ փաստ չունենալ, թե ինչ է կատարվում նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների, առանցքային դերակատարների հետ։ Մի բան ակնհայտ է, որ նրանց շուրջ վտանգների ու ռիսկերի մի էսպիսի բազմագործոն իրավիճակ է ձևավորվել, և մենք իրավունք չունենք այս սպանություններին ուղղակի, էսպես, մատների արանքով նայելու։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 19-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG