Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի (ՔԿ) խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Հարությունյանի փոխանցմամբ՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։
ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշեց Հարությունյանը՝ վստահեցնելով. - «Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»։
Ուրբաթ օրը երևանյան բնակարանում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։