Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը բալլային համակարգի ներդրման մեջ խնդիրներ է տեսնում


ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահն իսկապես շատ ցավալի է, ողբերգական մահվան բոթը լսելը ցավալի ու անսպասելի էր, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կուտոյանին ճանաչում էի, նա մասնագիտական ու մարդկային բարձր որակներով օժտված մարդ էր ու բարեկիրթ: Ինչ վերաբերում է քննության ընթացքին ու քննության կողմից հիմք ընդունված վարկածներին, դրանց հասկանալի պատճառներով չեմ կարող անդրադառնալ», - նշեց նա:

Նշենք, որ Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ գործով կասկածյալներ չկան: Ավելի վաղ Հարությունյանը փոխանցել էր, որ Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հարցին, թե ինչը կարող էր ինքնասպանության դրդել Կուտոյանին, ՄԻ պաշտպանն ասաց, որ չի կարող պատասխանել, քննությունը պետք է այդ հարցերի պատասխանը տա:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Գեորգի Կուտոյանի և Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանությունների մեջ կոնկրետ ձեռագիր է տեսնում, ինչպես նաև նմանություններով: Այս մասին Թաթոյանը չցանկացավ մեկնաբանություն անել որպես ՄԻՊ, բայց նկատեց. - «Այն, որ կա լարվածություն, ես ատելության խոսք, վիրավորող խոսք, հակառակ թիմերի բաժանվելու տեսանկյունից իմ գնահատականները տվել եմ»:

Ինչ վերաբերում է հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալլային համակարգին, ապա Արման Թաթոյանը ևս փաստեց, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ կան, դա բոլորին է տեսանելի. - «Նախ և առաջ դրա մասին վկայում են այն սարսափելի ցուցանիշները, որ ունենք, զոհերի, վիրավորների թիվը, զոհերի թիվը չափազանց մեծ է՝ 341, նախորդին՝ 343, ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է, որ ունենանք կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, իրավունքի գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը տեսնում ենք, որ բալլային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն այն կերպ, որ ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախ և առաջ խնդիր եմ տեսնում նրանում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին, և ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կտարվեն», - հայտարարեց նա:

Օգտատերերից մեկի հարցին՝ Արման Թաթոյանը ծառայո՞ւմ է նախորդ իշխանություններին, ՄԻՊ-ի աշխատանքը հեղափոխությունից հետո է դրական առումով փոխվել, պատասխանեց, որ դա կարծրատիպ է, հնացած է, ու այդ կարծրատիպը վաղուց արդեն կոտրվել է:

«Միջազգային հանրապետական ինստիտուտ գոյություն ունի, ամերիկյան հայտնի սոցիոլոգիական կազմակերպություն է, որ այս վերջերս էլ հրապարակում էր վստահության ցուցանիշները. Մարդու իրավունքների պաշտպանն ունի 63 տոկոս վստահություն մեր քաղաքացիների կողմից: 5 անգամ 2015-ի նկատմամբ աճել է դրական ելքով գործերի թիվը, մոտավորապես 3 անգամ աճել են մեզ ներկայացվող բողոքները, 11 անգամ աճել են մեր այցերը հատուկ հաստատություններ: Սրանք ցուցանիշներ են, որոնք ակնհայտ վկայում են», - վստահեցրեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG