ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, լրագրողներին փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, շեշտելով՝ քրեական գործը հարուցվել է իրավապահների ձեռքի տակ եղած տվյալներով: Կատարվել են մի շարք զննություններ, տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները առգրավվել են:
«Խնդրում եմ՝ հոդվածին առերևույթ չխաբնվեք, որ եթե 110-րդ հոդված է, ունենք հետևյալ դեպքը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահի տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Մահվան դեպքերով որպես կանոն բազմաթիվ վարկածներ ենք առաջ քաշում՝ կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել», - նշեց Մելիքյանը։
38-ամյա Կուտոյանի դին հայտնաբերվել էր մայրաքաղաքի Պարույր Սևակ փողոցի վրա գտնվող նորակառույցներից մեկում: Դեպքի վայրում գտնվող Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց՝ դին հայտնաբերել է Կուտոյանի կինը: Դին արդեն հեռացվել է դեպքի վայրից:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Տեղում մենք պարզել ենք՝ օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից։ Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ, այո, այդ սենյակում, որտեղ որ դին հայտնաբերվել է։ Դեպքի վայրում իրանց մասնակցությամբ, ովքեր որ, կինն է և հայրն է եղել՝ իրենց մասնակցությամբ գործողություններ են կատարվում այս պահին էլ։ Իրանք են մասնակցել, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի մասնագետ, քրեագետ, ԴՆԹ-ի հետ, նմուշառումների հետ կապված մասնագետներ, դատաբժիշկներ, մի խոսքով պարզ է չէ՞ պատկերը, քննիչներ և օպերատիվ աշխատողներ», - ասաց Մելիքյանը։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը թվարկեց Կուտոյանի մարմնի վնասվածքները. «Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, վաղն արդեն դատաբժշկական փորձագետների փորձաքննության ընթացքում ավելի ստույգ կպարզենք մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը»։
Մելիքյանն ասաց՝ հայտնաբերված զենքի դատաձգաբանական փորձաքննությունից հետո պարզ կդառնա, թե մասնավորապես այդ ինչ զենքից է արձակվել կրակոցը: Նշեց նաև, որ փորձաքննությամբ կպարզվի՝ Կուտոյանի արյան մեջ ալկոհոլ կա, թե ոչ:
«Հայտնաբերվել են երեք, թե չորս տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ, բայց կոնկրետ որ ասեմ 51 կամ 31, 41, քանակով չեմ կարող ասել», - նշեց Մելիքյանը։
«Ազատության» հարցին՝ իսկ կրակոցների ձայները չե՞ն լսվել, նա պատասխանեց. «Դեռ չունենք գործով որևէ տվյալ, որ որևէ մեկը կրակոցի ձայներ լսած լինի։ Քունքի շրջանում մեկն արտաքին զննությամբ այս պահին ֆիքսվել է, որ ես տեսել եմ, դիմածնոտային շրջանում վնասվածք չի եղել։ Հրազենային վնասվածքին բնորոշ քունքի շրջանում կա»։
Դեպքի վայր էին շտապել Կուտոյանի ծանոթներն ու ընկերները: Այնտեղ էր նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
Գեորգի Կուտոյանը չի անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով:
38-ամյա Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: Նախագահի 2016 թվականի հրամանագրով փետրվարի 12-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, և այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:
Երիտասարդ իրավաբանը հանրությանը հայտնի դարձավ 2011 թվականին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նշանակվեց Հանրապետության նախագահի օգնական: Գեորգի Կուտոյանը նաև 2013 թ. սեպտեմբերի 4-ին Նախագահի հրամանագրով ընդգրկվել էր Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:
Հեղափոխությունից հետո՝ 2019-ի մայիսի 8-ին պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել»։ Վարչապետը տեղի ունեցածը հանցագործություն էր որակել:
Երկու ամիս անց այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։
Վանեցյանի խոսքով, այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են Մարտի 1-ի գործին։ Վանեցյանը հայտնել էր, որ փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում:
Անցած կես տարվա ընթացքում նախկին իշխանության ուժային կառույցի երրորդ ղեկավարի մահվան մասին է հայտնի դառնում: Անցած սեպտեմբերին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր 2008-ին Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկա էր: Նրա մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հատկանիշներով:
Իսկ անցած նոյեմբերին Մոսկվայում մահացած էին գտել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Ըստ իրավապահների՝ Ոստիկանության նախկին պաշտոնյայի, ինչպես նաև նրա մորեղբոր մահը վրա էր հասել գազի պայթյունի հետևանքով։
Կարապետյանը ևս Մարտի 1-ի քրեական գործում վկայի կարգավիճակ ուներ: 49-ամյա Կարապետյանը ոստիկանության համակարգում էր 1990-ականներից, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը։