Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը


Այսօր տեղի ունեցավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, 38-ամյա Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները:

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերը թողեց անպատասխան:

Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գործով կասկածյալներ չկան:

Այսօր ավելի վաղ Հարությունյանը փոխանցել էր, որ Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակված դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունները դեռ չեն ստացվել։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշեց Հարությունյանը՝ վստահեցնելով. - «Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»։

Կուտոյանի դին հայտնաբերվել էր ուրբաթ օրը իր երևանյան բնակարանում՝ հրազենային վնասվածքով, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը՝ քունքի շրջանում։

Կիրակի օրը ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությանը մասնակցող Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյան լրագրողների հետ զրույցում հայտնել էր՝ լայնածավալ քննություն է ընթանում։

«Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց ամբողջ ուղղությամբ, բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել ևս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ», - նշել էր Դավթյանը։

Լրագրողներից մեկի հարցին՝ չի՞ տեսնում արդյոք նմանություն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործի հետ, գլխավոր դատախազն պատասխանեց. - «Նմանությունը ինչո՞վ ենք... կատարման եղանակի առումով, ինչի հետ կապված, այո, դարձյալ ունենք հրազենով, նախնական տեղեկությունների համաձայն...»։

Դիտարկմանն էլ՝ երկուսն էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արթուր Դավթյանն արձագանքեց. - «Շատ լավ, դրա համար էլ երկուսի փաստով էլ հարուցված են քրեական գործեր, ու դրանցով ստուգողական գործողություններ են իրականացվում»։

Հուղարկավորության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հարցին՝ քանի որ ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական գործը հարուցվել, իր կարծիքով ո՞ւմ էր ձեռնտու նրա մահը, պատասխանեց. - «Սպասեք հետաքննությունը վերջանա, եկեք կխոսենք»։

2018-ին, երբ Գեորգի Կուտոյանն էր ԱԱԾ տնօրենը, ըստ գործող իշխանության, ԱԱԾ-ից կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, որոնց մեծ մասն առնչվում է Մարտի 1-ի գործին: Գալուստ Սահակյանը այս թեմայի վերաբերյալ ասաց. - «Ես էլ եմ լսել, բայց հետամուտ չեմ եղել»։

Ըստ Քննչական կոմիտեի ձեռք բերած տվյալների, Կուտոյանը արտերկրում էր և Հայաստան է վերադարձել դեկտեմբերի 9-ին: Գալուստ Սահակյանն ասաց՝ դրսում սովորում էր, տոներին էլ վերադարձել էր տուն:

Նախկին իշխանության ներկայացուցիչը նաև քննադատեց իրավապահ մարմիններին՝ ըստ էության կասկածներ հայտնելով այս գործով օբյեկտիվ քննության վրա. - «Իրավապահպան օրգանները այսօր Հայաստանում համարյա թե չեն աշխատում»։

Գեորգի Կուտոյանը չի անցնում ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ Հատուկ քննչական ծառայության, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում քննվող քրեական գործերով:

Ամիսներ առաջ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր 2008-ին Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Հարցին, թե արդյոք այս երկու դեպքերի միջև կապ կա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Էսօր մարդիկ տարբեր բաներ են խոսում։ Մեկը՝ սուր, իշխանությունների մասը, մենք խոսում ենք այն, ինչը եղել է։ Եվ էս պահին մտածել, թե ինչը ինչից հետո եկավ, ինչի հետ կապ ունի, կարծում եմ, դեռևս ժամանակը չի»։

38-ամյա Գեորգի Կուտոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: 2011 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի օգնականն էր: Նախագահի 2016 թվականի հրամանագրով փետրվարի 12-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար՝ փոխարինելով Գորիկ Հակոբյանին, և այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխությունից հետո: Մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը, Կուտոյանը զբաղեցնում էր Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Ըստ Քննչական կոմիտեի, Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան: 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Կուտոյանը միայնակ այցելել է այդ բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Հետագայում, Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Ըստ իրավապահների, Կուտոյանը 2020-ի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին: Հունվարի 17-ին Կուտոյանի հարազատները չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ՝ գնացել են նշված բնակարան, որտեղ Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG