Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՃՈ բալլային համակարգը


Երեկ Երևանի փողոցներից մեկում մի տարեց մարդու ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնող «Մերսեդես» մակնիշի, այսպես ասած «Բռաբուս» մեքենայի վարորդը բերման է ենթարկվել: Տարեց տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված 48-ամյա տղամարդը կասկածյալի դատավարական կարգավիճակ ունի:

Այն պահին, երբ Ոստիկանությունը հրապարակեց, որ «Բռաբուսի» վարորդին բերման են ենթարկել, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացնում էր տուգանային միավորների համակարգը։

Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավորներն են 0,5, 1, 2, 3 կամ 4։ Եթե վարորդը խախտումներ կատարի պարբերաբար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ, և դրանց համար կիրառված տուգանային միավորները կազմեն 9, կկասեցվի նրա վարելու իրավունքը 6 ամիս ժամկետով, 6 ամսից հետո մեկ տարվա ընթացքում նույնը կրկնելը կհանգեցնի արդեն մեկ տարով իրավունքից զրկման։

«Չորս տուգանային միավոր է նախատեսվում 51-80 կլիոմետր ժամով արագությունը գերազանցելու համար և տուգանքը նախկին 200 հազար դրամի փոխարեն նվազեցվել է 29 հազար դրամ», - ասաց Չիլինգարյանը։

Իսկ օրինակ արագությունը թույլատրելիից 31-50 կիլոմետր ժամով գերազանցելու դեպքում գործող 100 հազար դրամի փոխարեն վարորդներից կգանձվի 25 հազար դրամ, սակայն 3 տուգանային միավոր կհանվի։

Մեքենան ոչ սթափ վիճակում վարելու դեպքում, եթե արյան մեջ ալկոհոլի ծավալը գերազանցի թույլատրելիի սահմանը, վարորդը նույնպես 4 միավոր կկորցնի։

«Այս փոփոխությունը՝ 150 հազար դրամ տուգանքը փոփոխվում է 29 հազար դրամով և նախատեսվում է չորս տուգանային միավոր, բայց այս փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից», - նշեց ՃՈ պետի տեղակալը։

Երթևեկության հոսքին հակառակ վարելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարորդը կպատժվի 3 միավորով և համապատասխանաբար 20 և 25 հազարական դրամով

Ընդհանուր առմամբ՝ տուգանային միավոր է կիրառվելու ճանապարհային երթևեկության 100 խախտումներից 20-ի նկատմամբ։

Միավորների քանակը կախված է վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից։

Եթե մնացած միավորների քանակը 3 կամ ավելի քիչ լինի, վարորդն իր ցանկությամբ հնարավորություն կունենա հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն, այն դրական հանձնելու դեպքում նվազեցված միավորներից կվերականգնվի է երկուսը։

Այս քննությունը դրական հանձնելու միջոցով վարորդը կկարողանա նաև վերականգնել վարելու իրավունքը, եթե անցել է վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսը։

Վարորդներն իրենց բալլերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ roadpolice.am կայքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG