Նախնական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանում ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Հիշեցնենք, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսից բողոքի տարբեր ակցիաներ էին անցկացվում, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում, տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել:
Այս իրավիճակում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ներկայացրել էր «Խելացի ընտրություններ» ռազմավարությունը և կոչ էր արել իր աջակիցներին՝ չնայած իրենց թիմակիցներին չեն գրանցել, գնալ ընտրություններին և ձայն տալ անցողիկ թեկնածուներին, ովքեր ի վիճակի են հաղթել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին:
Այսօր դիտորդները և ինքը՝ Նավալնին նշել են, որ «Խելացի ընտրություններ» ռազմավարությունն աշխատել է, և Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը համակարգային ընդդիմության ներկայացուցիչներն են:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հույս է հայտնել, թե Մոսկվայի նոր բազմակուսակցական դուման կարող է արդյունավետ աշխատել, և որ ընդդիմադիր պատգամավորների մեծ բանակը օգուտ է դումային:
«Գոլոս» դիտորդական կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր բազմաթիվ խախտումների մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան, սակայն, դա զրպարտություն էր անվանել:
Լուրջ ցույցեր և բախումներ ընտրությունների միասնական օրը Ռուսաստանում չեն արձանագրվել:
Տե՛ս նաև այստեղ