Այսօր Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Վլադիսլավ Սինիցային՝ Թվիթերում գրառում կատարելու համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ատելություն և թշնամանք հրահրելու մեջ։
Բլոգերն իրեն մեղավոր չի ճանաչում և հայտարարել է, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից։
Վլադիսլավ Սինիցան «Մաքս Ստեկլով» կեղծանունով Թվիթերում օգոստոսի 1-ին պատասխանել է մեկ ուրիշ անանուն բլոգերի գրառմանը, թե հնարավոր է պարզել Ռոսգվարդիայի այն աշխատակիցների ինքնությունը, ովքեր դիմակներով հուլիսի 27-ին չարտոնված ցույցի ժամանակ դաժանորեն ծեծում էին ցուցարարներին։ Սինիցան գրել է. - «Հետո մարդիկ կիմանան, թե ովքեր այդ ոստիկանները, և կպատժեն նրանց երեխաներին»։ Սինիցան պնդում է, որ ինքը պարզապես ենթադրել է, թե ինչ կարող է տեղի ունենալ։
Ռոսգվարդիայի պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Գրիբակինը հայտարարել է, որ Ռոսգվարդիան գոհ է դատարանի վճռից։
Բլոգերի փաստաբան Դենիս Տիխոնովը դատարանի որոշումը որակել է անմարդկային: Փաստաբանը հայտարարել է նաև, որ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել նախ Մոսկվայում, հետո էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Հիշեցնենք, Մոսկվայում հուլիսից պարբերաբար անցնող բողոքի չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահները քրեական գործեր են հարուցել, այսօր նման մի գործով առաջին դատական վճիռն է հրապարակվել։ Մոսկվայի Տվերսկոյ դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Իվան Պոդկոպաևին` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ցուցարարն իր մեղքը խոստովանել է՝ հավելելով, թե չէր ուզում որևէ վնաս պատճառել, զայրացել էր այն բանից, որ իրավապահները մետաղյա ցանկապատով հրում և պարզապես ջարդում էին մարդկանց, այդ թվում՝ տարեցներին և կանանց։
Կլինեն նաև այլ դատական որոշումներ, տասնյակից ավելի են այն ցուցարարները, ում դեմ քրեական գործեր են հարուցվել։ Ձերբակալված չորս ցուցարարների դեմ քրեական գործերն այսօր կարճվել են։
Հուլիսի 27-ին Մոսկվայում տեղի էր ունեցել քաղաքային դումայի ընտրություններին չգրանցված թեկնածուների աջակիցների չարտոնված հավաքը, որի ժամանակ ոստիկանությունը և Ռոսգվարդիան բիրտ ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ, և այդ տեսագրություններն արագ տարածվել էին համացանցում։ Օգտատերերը կարողացել էին հատուկ ծրագրի միջոցով պարզել դիմակներով Ռոսգվարդիայի ներկայացուցիչների ինքնությունը և նրանց անունները տարածում էին համացանցում։ 30-ամյա Սինիցայի գրառումը սրան էր վերաբերում։ Ռուսաստանցիները պարզապես զայրացել էին իրավապահների կոշտ գործողություններից։
Այս գիշեր Մոսկվայում հերթական անգամ տեղի են ունեցել գիշերային ձերբակալություններ։ Իրենց բնակարաններում իրավապահները ձերբակալել և բերման էին ենթարկել ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլին, Նիկոլայ Ռյասկինին և «Նովայա գազետա» թերթի լրագրող Իլյա Ազարին։ Ընդ որում, Ազարին ձերբակալել էին երեկոյան, երբ նա պատշգամբ էր դուրս եկել ծխելու, տնային հագուստով, և միանգամից ոստիկանություն էին տարել՝ չնայած բնակարանում մենակ էր մնացել նրա մանկահասակ դուստրը։
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում անցկացվելու են նահանգապետերի և քաղաքային դումայի, այդ թվում՝ Մոսկվայի դումայի ընտրություններ, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել այդ ընտրություններին գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին։
Հուլիսից Ռուսաստանի մայրաքաղաքում անցել են մի շարք բողոքի ակցիաներ, այդ թվում՝ չարտոնված, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Վերջին անգամ ընդիմադիրները հավաքվել էին չարտոնված երթի անցած շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, ընդամենը մի քանի հազար մարդ էր դուրս եկել, և իրավապահները որևէ ձևով չեն միջամտել։ Երեկվանից, սակայն, գիշերային ձերբակալությունները վերսկսվել են:
Ընդդիմությունը նոր բողոքի ռազմավարություն է մշակում, սակայն միասնական դիրքորոշում չունի։